ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 31-ին, ժամը 09։55-ին ահազանգ է ստացել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 2,25 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը։