Իտալիայում ֆուտբոլիստները դեմ են կեսօրին խաղալուն
2 րոպեի ընթերցում
![Իտալիայում ֆուտբոլիստները դեմ են կեսօրին խաղալուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016319.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ակումբների ֆուտբոլիստները դեմ են խաղերը կեսօրին անցկացնելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ֆուտբոլիստները չեն ուզում խաղալ կեսօրին, քանի որ շոգ է: Նրանք առաջարկում են հանդիպումների գրաֆիկը կազմել այնպես, որ խաղերն անցկացվեն երեկոյան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսի 13-ին կամ 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը