Ինովացիա

Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել

3 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիական ընկերությունները էսքպոներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական ընկերությունները նախորդ տարում տարբեր երկրներում էքսպոների շրջանակում ձեռք են բերել 8,5 մլն դոլարի չափով պայմանավորվածություններ. արդեն կան 400 հազար դոլարի չափով կնքված պայմանագրեր: Այս մասին տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի, թե բարձր տեխնոլոգիատար ապրանքները հիմնականում որ երկրներ են արտահանվում:

«Անցյալ տարի մեր ընկերությունները մասնակցել են մի քանի խոշոր էքսպոների՝ Սինգապուրում, Կատարում, նաև՝ Փարիզում, Տաշքենդում և այլուր: 4 էքսպոներում մասնակցության արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասով ընդհանուր համաձայնեցման պայմանագրեր են եղել՝ մոտ 8,5 մլն դոլարի չափով: Իմ ունեցած տեղեկություններով՝ արդեն 400 հազարի կնքված պայմանագրեր կան»,-ասաց Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ապրանքներն արտահանվում են հիմնականում Արևմուտք՝ եվրոպական երկրներ, մեծ մասամբ՝ Գերմանիա: Հայաստանը մտադիր է էքսպոների շրջանակում հայկական տաղավարով հանդես գալով՝ ընդլայնել շուկաները: «Մի քանի խնդիր ենք փորձում լուծել, որպեսզի մեր տեղական ընկերությունները կարողանան միասին աշխատել, միասնական կարողանան ներկայանալ և արտաքին շուկաներում իրենց պրոդուկտը ճիշտ ներկայացնել»,-ասաց փոխնախարարը:

Ծատուրյանը նկատեց՝ ցավոք կորոնավիրուսի հետ կապված մի շարք էքսպոներ հետաձգվել են: Սակայն նպատակը հստակ է՝ շուկաների զարգացման համար խոշոր էքսպոներին հայկական տաղավարով միշտ մասնակցել:

Փոխնախարարը նշեց նաև, որ խոշոր ընկերությունները, որոնք կարող են լինել պատվիրատուներ, հիմնականում հենց թեմատիկ էքսպոներում են հանդիպումներ ունենում, վաճառքները սովորաբար տեղի են ունենում հենց դրանց շրջանակում: Հայաստանը ներկայում ունի նաև ընթացիկ այլ բանակցություններ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի առցանց ասուլիսում հայտնել էր, որ 2019-ին բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 13.5%-ով, իսկ միջին տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 26.9%-ով։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում