ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում կթույլատրվի մեկ խաղում 5 փոփոխություն կատարել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը: Նման որոշումը կապված է պանդեմիայի ընթացքում ֆուտբոլիստների դադարի և նրանց հնարավոր վնասվածքներից խուսափելու հետ:
Մայիսի 8-ին ՖԻՖԱ-ն թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ին նման առաջարկով դիմել էր անգլիական Պրեմիեր լիգան:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դեռևս դադարեցված են եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններ, բացառությամբ` Բելառուսի առաջնության:
Կորոնավիրուսի պանդեմիայից հետո Գերմանիայի առաջնությունն առաջինն է, որ վերսկսվում է: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, որտեղ կմրցեն «Բորուսիան» և «Շալկեն»: Լիգայի կազմակերպիչները նպատակ ունեն առաջնությունն ավարտել հունիսին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Բունդեսլիգան դադարեցվել էր մարտի 13-ին: Թիմերն արդեն մեկ շաբաթ մարզումներ են անցկացնում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը