Մակունցն իր խմբակցության անունից ներողություն խնդրեց և նշեց՝ ԼՀԿ-ն ԱԺ է բերում ոչ իր օրակարգը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը «Լուսավոր Հայաստան»-ի կողմից արված սադրանքի արդյունք է, կարծում է, որ այդ սադրանքները սկսվել են Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ընդմիջումից հետո վերսկսված նիստում:

«Նախ ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից և բոլոր այն հայրենակիցներից, որոնք ականատես են եղել միջադեպին: «Իմ քայլը» խմբակցության անունից ցավում եմ, որ խմբակցությունը տրվել է սադրանքների, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց Մակունցը:

Նա նշեց՝ ցանկանում է մանրամասն խոսել իր գնահատմամբ՝ սադրանքների և վերջին շաբաթներին տեղի ունեցածի մասին: «Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով նախագծին: Այդ նախագծի ընդունումից հետո շեշտակի փոխվեց հատկապես խմբակցության ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում: Էդմոն Մարուքյանը, պատգամավոր եղած ժամանակ՝ այս գումարման ԱԺ-ում, նախորդ գումարման ԱԺ-ում, երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում: Ամեն ինչ սկսվեց այդ պահից, և այս միջադեպը հենց դրա հետևանք է, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում ի լուր համայն հայության, համայն աշխարհի հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ոչ ներողություն՝ ուղղված փոխնախագահին, ոչ ներողություն՝ ուղղված պատգամավորներին, ՀՀ քաղաքացիներին: Դրան հետևեցին ինչ-որ գործընթացներ ԱԺ նիստերի դահլիճից դուրս»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ արդեն շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան»-ը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանն այնպիսի գործողությունների մեջ, որոնք տեսախցիկների առջև կներկայացնեն «Իմ քայլը» խմբակցությանը հենց այն տեսանկյունից, ինչպիսին Մակունցի գնահատմամբ, ուզում էր, սադրում էր և փորձում էր տեսնել Մարուքյանը:

Նա շեշտեց՝ որևէ կերպ չի փորձում արդարացնել միջադեպը և նորից վերահաստատում է, որ ցավում է կատարվածի համար: «Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»,-կարծիք հայտնեց Մակունցը:

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի է ունեցել միջադեպ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր: Նիստում քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը՝ նոր հեռանկարներ բացելով երկկողմ փոխշահավետ համագործակցության համար

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը