«Բարսելոնա»-ում քննարկվում են մինչև փետրվար խաղերն առանց երկրպագուների անցկացնելու հարցը
1 րոպեի ընթերցում
![«Բարսելոնա»-ում քննարկվում են մինչև փետրվար խաղերն առանց երկրպագուների անցկացնելու հարցը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1012790.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն հնարավոր է համարում առանց հանդիսականի հանդիպումներ անցկացնել մինչ 2021 թվականի փետրվար ամիսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի վերլուծաբանները երկու եզրակացության են հանգել: Մեկը՝ 2019-20 մրցաշրջանը պետք է ժամանակից շուտ ավարտել, հաջորդ մրցաշրջանում խաղերը մինչև 2021 թվականի փետրվար անցկացնել առանց երկրպագուների: Եվ երկրորդ տարբերակով առաջարկվում է ընթացիկ մրցաշրջանն ավարտին հասցնել հունիս-օգոստոս ամսիներին, իսկ նոյեմբերից անցկացվող խաղերին ներկա լինեն նաև երկրպագուներ:
Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնա»-ն կկորցնի մոտ 20 միլիոն եվրո, եթե Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը շարունակվի առանց հանդիսականների: «Կապտանռնագույնները» «Նոու Կամպ» մարզադաշտում անցկացրած ամեն խաղում կորցնելու են 3,3 միլիոն եվրո միայն տոմսերի վաճառքից: Իսկ ակումբի ընդհանուր ֆինանսական կորուստը կազմելու է մոտ 20-25 միլիոն եվրո:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը