Հասարակական

«Հաղթանակի Փոխանցումավազքը» հասել է Հայաստան

3 րոպեի ընթերցում

«Հաղթանակի Փոխանցումավազքը» հասել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության տարածքում տեղադրված խաչքարի մոտ ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների երկայնքով Փոխանցումավազքի անցկացման հանդիսավոր միջոցառումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով «Հաղթանակի Փոխանցումավազքի» անցկացման մեկնարկի արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռ. Գոլուբիցկին։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը իր խոսքում նշել է սահմանապահների ունեցած մեծ վաստակը Հայրենիքի առջև, ովքեր առաջինն էին իրենց վրա վերցրել գերմանական զորքերի հարվածները։ Վ.Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել սահմանապահներին, ովքեր այսօր հավատարմորեն ծառայում են իրենց պետությանը, ժողովրդին և հակազդում յուրաքանչյուր մարտահրավերի: Նշելով հայ ժողովրդի դերը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, գնդապետ Վ. Սարգսյանն ասել է. «Չկա մի ընտանիք ողջ ԱՊՀ տարածքում, որին պատերազմը չի անդրադարձել: Ամբողջ Խորհրդային Միությունից մոտ 600 հազար հայ համալրել են Կարմիր բանակի շարքերը, ավելի քան 300 հազարը՝ զոհվել մարտադաշտերում: Հայ ժողովուրդը պատվով է կատարել իր պարտքը Հայրենիքի հանդեպ: Այս Հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր Հաղթանակն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք»:

Փոխանցումավազքը կանցնի ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանային ստորաբաժանումներով, որից հետո ապրիլի 17-ին Գյումրիում կփոխանցվի ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։ Այն կշարունակի իր ճանապարհը` անցնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության սահմանային ստորաբաժանումներով:

«Հաղթանակի Փոխանցումավազքի» անցկացումը նախատեսված է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի առաջարկով, որի նպատակն է հավերժացնել ԱՊՀ ժողովուրդների հերոսական սխրանքը և միասնությունը։

Փոխանցումավազքը փետրվարի 5-ին միաժամանակ մեկնարկել է Բրեստ և Մուրմանսկ քաղաքներից: Այն անցնում է ԱՊՀ 9 երկրների՝ ավելի քան 60.000 կմ ընդհանուր երկարությամբ սահմաններով։

Փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մայիսի 28-ին ՌԴ մայրաքաղաքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում