Հեռավար դասերի ընթացքում կլինեն «ֆիզկուլտուրայի դադարներ»․ Արայիկ Հարությունյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված արտակարգ դրության ժամանակ իրականացվող հեռավար դասերի ընթացում կլինեն «ֆիզկուլտուրայի դադարներ»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեր աշակերտներն ու նրանց ծնողները հեռավար ուսուցման գործընթացում ստիպված են երկար ժամանակ անցկացնել էկրանների առջև։ Դասերը հեռարձակվում են «Հանրային» հեռուստաընկերությամբ, և մենք նրանց առաջարկել ենք, որպեսզի տարբեր դասերի ընդմիջումների ընթացքում «ֆիզկուլտուրայի դադարներ» լինեն։ Կարծես թե ընդառաջում են, և մեր երեխաները հնարավորություն կունենան թեթև մարզումների միջոցով հետևել նաև իրենց առողջությանը»,- նշեց Հարությունյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: