ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կենտրոնական կիսապաշտպան Ռեդա Բելահսենի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բելասենը ծնվել է 1991 թվականի հունվարի 21-ին։ Հանդիսանում է Ֆրանսիայի և Ալժիրի քաղաքացի։ Ֆուտբոլիստը ֆրանսիական «Շիլտիգհեյմ» ակումբի սան է։ Վերջին տարիներին 27-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել Ալժիրի բարձրագույն խմբի առաջնությունում՝ «Ալժեր» և «Բեջաիա» ակումբներում։ «Ալժերի» կազմում դարձել է այդ երկրի սուպերգավաթակիր։
«Ուրախ եմ, որ «Ուրարտու»-ի նման ակումբում եմ խաղալու։ Անչափ տպավորված եմ այն ամենից, ինչը տեսել եմ այստեղ։ Ամեն ինչ կա, մնում է կենտրոնանալ աշխատանքի վրա ու առավելագույնն անել։ Ինձ համար յուրահատուկ մարտահրավեր է։ Կանեմ ամեն ինչ՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար», - ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։