ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար տալ հարկային արտոնություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Նախագիծը բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություն տալու և տիեզերական ոլորտում գործունեությունը լիցենզավորման ենթակա ոլորտ դարձնելու մասին է»,-հիշեցրեց Արշակյանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշակի տեխնիկական շտկումներ:
Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:Սահմանվում են տիեզերական գործունեության,տեխնիկայի,օբյեկտների,ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:
Նախագիծը քվեարկությամբ արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: