Մշակույթ

Գրողների միությունը բազմազան միջոցառումներով կտոնի Գիրք նվիրելու օրը

3 րոպեի ընթերցում

Գրողների միությունը բազմազան միջոցառումներով կտոնի Գիրք նվիրելու օրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության անդամները կայցելեն մայրաքաղաքի և մարզերի դպրոցներ, կհանդիպեն աշակերտների հետ և գրքեր կնվիրեն նրանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Արդեն 15 տարի նշում ենք Գիրք նվիրելու օրը: Կարծում եմ`հատկապես ընթերցողական ճգնաժամի հետևանք է այն, որ պետք է մշտապես մտածել, թե ինչ նորություններով, ինչ հետաքրքիր առաջարկներով է հնարավոր աշխուժացնել գրական դաշտը»,-նշեց Միլիտոնյանը:

Անդրադառնալով Գիրք նվիրելու օրը կայանալիք այլ միջոցառումներին` Միլիտոնյանը շեշտեց, որ միության դիմաց և «Պոեզիայի այգում» գրողները գրքեր են նվիրելու անցորդներին, ընթերցումներ են կազմակերպելու, միջոցառումներ են նախատեսվում տաբեր թանգարաններում, գրախանութներում:

«Անձամբ ես այցելելու եմ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց: Հարկ եմ համարում ասել, որ պարբերաբար գրքեր ենք նվիրում սահմանամերձ գյուղերի գրադարաններին: Պետք չէ սպասել, որ քեզ գիրք նվիրեն, առաջնահերթ ինքդ պետք է գիրք նվիրես: Այս գեղեցիկ ավանդույթը պետք է ամրապնդվի ամեն ընտանիքում, և գիրք նվիրելը բարձր արժեք դառնա»,-նշեց նա:

Խոսելով հայ գրականության առաջընթացի մասին` Միլիտոնյանը շեշտեց, որ մենք ունենք դասական և ժամանակակից հարուստ գրականություն, որն ամեն օր տարբեր միջոցառումների և շնորհանդեսների, ընթերցումների շրջանակում փորձում են ներկայացնել և հանրահռչակել: «Ժամանակակից մի շարք գրողներ կան, որոնց գործերը թարգմանվում են տարբեր լեզուներով, հրատարակվում և անգամ վերահրատարակվում են: Օրինակ`Վահագն Գրիգորյանի, Գուրգեն Խանջյանի, Հենրիկ Էդոյանի, Սամվել Կոսյանի, Արտեմ Հարությունյանի, Խաչիկ Մանուկյանի, Էդուարդ Հարենցի և այլ գրողների ստեղծագործությունները: Ե՛վ երիտասարդ, և՛ փորձառու գրողները շատ լավ գործեր են լույս ընծայում և արժանի են ընթերցվելու: Հորդորում եմ չսպասել փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու համար: Թող գիրքը դառնա ամենաթանկ բանը, որը կարելի է նվիրել մեր երեխաներին, մտերիմներին ու հարազատներին»,-եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում