Քաղաքագետն ընտրական շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց չի ակնկալում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանում սպասվող համապետական ընտրությունների շրջանում քաղաքագետ Նարեկ Մինասյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց չի ակնկալում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մինասյանն ասաց փետրվարի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

«Արդյունքների առումով բավական լուրջ ակնկալիքներ չկային մինչև հանդիպումն էլ՝ հաշվի առնելով մի քանի պարզ հանգամանքներ. նախ՝ Ադրբեջանի պահպանվող դիրքորոշումը, մասնավորապես` առավելապաշտական մոտեցումների պահպանումը, ինչպես նաև սպասվող ընտրական գործընթացները: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացները որոշակիորեն դադար են մտցնում նաև բանակցային գործընթացքում: Առաջիկա ամիսներին Ադրբեջանում և Արցախում ընտրական գործընթացներ կլինեն: Փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ մարտի 31-ին՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ Արցախում, և, բնականաբար, այս ընթացքում, շուրջ երկու-երեք ամիս բանակցային գործընթացում լուրջ տեղաշարժեր կամ առաջընթաց պետք չէ ակնկալել»,- ասաց Մինասյանը:

Քաղաքագետն այս առումով լուրջ ակնկալիքներ չունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպումից:

Հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Այս մասին ասված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

«Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռք բերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:

Հայերեն Русский

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում