Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Կենցաղն այլևս հոգս չէ. ServiceTitan-ը Հայաստանի իր մասնաճյուղը դիտակում է որպես գաղափարական կենտրոն

Կենցաղն այլևս հոգս չէ. ServiceTitan-ը Հայաստանի իր մասնաճյուղը դիտակում է որպես 
գաղափարական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շինարարության ու կենցաղային սպասարկման ոլորտներում աշխատող կազմակերպություններին ծրագրային լուծումներ առաջարկող «ServiceTitan» ամերիկյան ընկերության հայաստանյան մասնաճյուղն ընդլայնվում է: Ընկերության հայ հիմնադիրները նպատակ ունեն հայաստանյան մասնաճյուղը դարձնել գաղափարական կենտրոն:

«ServiceTitan» ամերիկյան ստարթափ ընկերության հիմնադրման աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թվականից ամերիկահայ գործարար Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի կողմից։ Նման ընկերություն հիմնելու գաղափարը սկզբում ի հայտ է եկել Վահեի մոտ: Նրա հայրն աշխատել է որպես ջրմուղագործ, ուներ ընկերություն: Հոր աշխատանքը, բիզնեսի կառավարումն ավելի հեշտացնելու նպատակով Վահեն մտածում էր ծրագրային լուծումներ առաջարկել: Շուկայում գոհացուցիչ լուծում չգտնելուց հետո որոշում է ինքնուրույն ստեղծել այն: Արայի հետ հանդիպումը սկիզբ է դնում համատեղ աշխատանքի և սկսում են իրենց գործունեությունը: Բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, միասնական ջանքեր գործադրելով, նրանք կարողացան մշակել ու շուկային առաջարկել այնպիսի ծրագրային ապահովում, որն օգնում է շինարարության ու կենցաղային սպասարկման ոլորտներում աշխատող ընկերություններին: 2015 թվականից  «ServiceTitan» ընկերությանը միացած, ներկայում  Միջազգային գործառնությունների և ռազմավարության գլխավոր պատասխանատու Վաչ Հովսեփյանը նշեց, որ իրենք առաջարկում են լուծում, որը հնարավորություն է տալիս կոնկրետ գործընթացն ապահովել սկզբից մինչև վերջ:

«Այն թույլ է տալիս հետևել աշխատանքին, վերահսկել վաճառքները, կապ պահպանել հաճախորդների հետ: Առաջարկվող լուծումներից մեկի շնորհիվ աշխատակիցը հնարավորություն ունի զանգի հենց սկզբից ստանալ տեղեկություն հաճախորդի, նրա ինքնության, բնակավայրի մասին և այլն: Դա հնարավորություն է տալիս երկխոսության ընթացքում խուսափել հավելյալ հարցերից և շատ արագ սպասարկել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաչ Հովսեփյանը: Մեկ այլ ծագրային առաջարկով հաճախորդը, օրինակ, ջրմուղկոյուղու փականագործին կանչելուց հետո ստանում է տեղեկատվություն վերջինիս մասին, նրա աշխատանքային փորձի, մինչ այդ արած աշխատանքի վերաբերյալ: Դրանից բացի կարող է հետևել, թե կանչված մասնագետը ուր է հասել, ճանապարհի որ հատվածում է:

Ընկերությունն արագանցիկ տեմպերով առաջ է շարժվում, առաջարկվող ծրագրային լուծումներն առայժմ վաճառվում են ԱՄՆ-ում, Կանադայում, հետագայում նախատեսում են մուտք գործել այլ շուկաներ: «ServiceTitan»-ն ԱՄՆ-ում ունի երկու գրասենյակ, գործում են Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, Հայաստանում, իսկ Կանադայում ունեն գործընկերներ: Ընդհանուր թվով ընկերությունն ունի 800 աշխատող:

«Հայաստանում մասնաճյուղ ունենալու գաղափարը վաղուց կար, դեռ 2015 թվականից, նույնիսկ մի քանի փոքր նախագծեր իրականացրեցինք: Ռեալ սկսեցինք աշխատել հեղափոխությունից հետո: Կառավարության ներկայացուցիչների՝ Տիգրան Ավինյանի, Հակոբ Արշակյանի հետ հանդիպումից հետո ոգևորվեցինք: 2018 թվականից որոշեցինք կյանքի կոչել մեր՝ Հայաստանում գրասենյակ ունենալու գաղափարը և արդեն տարեվերջին արդյունքները տեսանելի էին: Ամենասկզբից մեր գաղափարն այն է, որ հայաստանյան ընկերությունը չլինի պարզապես ինժեներական առաջադրանք կատարող, այլ՝ գաղափարների կենտրոն»,-ասաց Վաչ Հովսեփյանը:

Աշոտ Տոնոյանը միացավ «Service Titan»-ի թիմին և ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրենի կարգավիճակով իր շուրջ հավաքեց ոլորտի լավագույն մասնագետների: Հայաստանյան մասնաճյուղը սկսել է չորս հոգով, այսօր արդեն 30-ից ավելի աշխատող ունի: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել աշխատողների թիվը:

«Երբ ընկերության ղեկավար կազմը եկավ, տպավորված էին, թե այստեղ ինչ մասնագետներ կարող են գտնել: Դա վստահություն ներշնչեց, որ հեռանկարները կապեն հայաստանյան մասնաճյուղի հետ: Այսօր թիմն ընդլայնվել է տարբեր ուղղություններով, այստեղ բացվել է հաճախորդների սպասարկման կենտրոն, որն անմիջապես կապ է հաստատում ամերիկյան հաճախորդների հետ: Դա կարևոր քայլ է, որովհետև ստացվում է, որ մեր գրասենյակը ևս շփվում է հաճախորդների հետ, հասկանում նրանց պահանջները: Ինչն էլ հիմք կարող է լինել նոր գաղափարների, այսինքն՝ մեկուսացած չենք աշխատում առանց պատկերացնելու, թե մեր հաճախորդներն ովքեր են»,-ասաց Աշոտ Տոնոյանը: Նա ընդգծեց, որ այստեղ մեծ պոտենցիալ կա, և հաճախորդներին լավ հասկանալով, կարող են լուծումներ առաջարկել: Երևանում գործող մասնաճյուղը Հայաստանում զարգացնում է նոր մասնագիտություններ: Աշոտ Տոնոյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ակտիվացնել կրթական ծրագրերը: Ընկերությունն ավագ մասնագետներով համալրված է, նպատակ ունի իրականացնել խորացված մասնագիտական դասընթացներ: Հայաստանում փորձառու մասնագետների թիվը բավական չէ ոլորտն արագ զարգացնելու, ինչպես նաև ընկերության կայուն աճն ու տեմպն ապահովելու համար: Ահա խորացված դասընթացներով ցանկանում են այդ բացը լրացնել, երիտասարդներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ: Հայաստանում կրթության, մասնագետների որակի բարձրացման գործում ընկերությունը պատրաստվում է իր լուրջ ներդրումն ունենալ:

Վաչ Հովսեփյանը նկատեց, որ իրենք նպատակ չունեն տեղական IT ընկերությունների աշխատողներին ձեռքից-ձեռք տանել, հասկանում են, այստեղ էլ բարձր որակի աշխատողների պակաս կա: Հետևաբար` կրթական ծրագրերով երիտասարդների որակավորումը բարձրացնելուց բացի, մասնագետներ են ներգրավելու դրսից:

«Գիտեք, մեզ ինչն է գրավում Հայաստանում, որ այստեղ շարքային աշխատողի բիզնես մտածելակերպն աշխատում է, իրենք սովոր չեն պարզապես առաջադրանք կատարել, այլ ձգտում են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ առաջարկել»,-հավելեց Վաչ Հովսեփյանը:

Աննա Գզիրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]