Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս դրամահավաքը համեմատելի չի համարում նախորդների հետ

Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս դրամահավաքը 
համեմատելի չի համարում նախորդների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի հեռուստամարաթոնի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը համեմատելի չի համարում նախորդ տարիների դրամահավաքների հետ` նկատի ունենալով նախկինում, իր խոսքով, վարչահրամայական մեթոդներով նույն մարդկանցից գումար հավաքելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու է այս տարի «Հայաստան» հիմնադրամին նվիրված հեռուստամարաթոնի շրջանակում հիմնադրամին ավելի քիչ գումար  է փոխանցվել, քան նախորդ տարիներին:

«Մենք պետք է հասկանանք «Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնի էությունը մինչև հիմա որն է եղել: Եղել է հետևյալը` վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, գնացել են օլիգարխներից խնդրել են, մուրացել են, երբեմն սպառնացել են: Նույն մարդկանցից 30 տարի փող են հավաքել, ծայրահեղ դեպքում ասել են` ուղղակի խոստացիր: Մենք այսօր ուզում ենք համակարգ փոխել, որ հիմնադրամը դառնա իրոք «Հայաստան համահայկական հիմնադրամ»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց նաև, որ հիմնադրամի երկարամյա տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցված չարաշահումների և այլնի համար: Փաշինյանը նկատեց` ոչ մի նվիրատուի համար հաճելի չէ իմանալ, որ իրենց տված գումարներից գողացել են կամ դրանցով բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են արել: «Եվ եթե հիմա «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքն ուզում են համեմատել նախորդ տարիների հետ, թող չհամեմատեն, որովհետև մենք զրոյից ուզում ենք ստեղծել «Հայաստան» համահայկական հիմնադրամ և կստեղծենք»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով` նախկինում հիմնադրամը չի եղել  համահայկական հիմնադրամ, այլ եղել է նեղ շրջանակի հիմնադրամ: «Այս տարի զրոյական կետ է, որովհետև մենք հիմա ուզում ենք, որ հիմնադրամը լինի իսկապես «Հայաստան» համահայկական հիմնադրամ, և ոչ թե դրամահավաքի 90 տոկոսը տան 3, 4  կամ 10 հոգի, այլ միլիոնավոր հայեր մասնակցեն այդ դրամահավաքին»,-եզրափակեց վարչապետը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ