Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և ԼՂ հարցով արդյունավետ բանակցություններով. Կոնտե

Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և ԼՂ հարցով արդյունավետ 
բանակցություններով. Կոնտե

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ և տարածաշրջանում կայունության հաստատմամբ: Այս մասին հայտարարեց Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարությունների ժամանակ:

«Մենք համոզված ենք, որ լուծման կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով: Առկա քաղաքական կամքը կարող է հանգեցնել տևական լուծման: Ժողովուրդները պետք է պատրաստվեն խաղաղության և գիտակցեն այն առավելությունները, որոնք կտա հակամարտության խաղաղ կարգավորումը: Պատրաստ ենք բոլոր միջոցներով մեր նպաստը բերել բանակցությունները շարունակելուն և տարածաշրջանին կայունություն բերելուն: Իտալիան շահագրգիռ է լարվածության նվազմամբ և արդյունավետ բանակցություններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Կոնտեն:

ՀՀ վարչապետը նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին Վենետիկից: Նա եղել է նաև Միլանում:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ