Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետք է պետական կառավարման համակարգից արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվողներին. Նիկոլ Փաշինյան

Պետք է պետական կառավարման համակարգից արմատախիլ անենք տգիտության 
քարոզով զբաղվողներին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության ընդունած որոշմանը, որով նախատեսվում է մի շարք գիշերօթիկ հաստատությունների լուծարում: Որոշմամբ նախատեսվում է հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղել այլընտրանքային բարորակ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններին և երեխաների համար ապահովել բարձրակարգ ծառայություններ:

«Նախորդ նիստում էլ այս թեմայով խոսակցություն եղավ և շատ կարևոր է արձանագրել, որ այստեղ ոչ միայն ծառայության մատուցման ձևն է փոխվում, այլև բովանդակությունը: Եվ այս բարեփոխումները, որ մենք անում ենք, ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքից և, ընդհանրապես, հաջողության լուսանցքից դուրս: Եվ այս իրավիճակի հետ մենք, իհարկե, չենք պատրաստվում համակերպվել, որովհետև եթե մենք, օրինակ, նայենք, թե Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկ հաստատությունների քանի սան է ընդունվել բուհ, մանկատների քանի սան է ընդունվել բուհ, հետագայում քանի հոգի են շատ թե քիչ նորմալ կարիերա արել, մասնագիտություն ձեռք բերել, իրենց բարեկեցությունն ապահովել, մենք խայտառակ մի պատկերի առաջ կկանգնենք, փոխարենը՝ եթե նայենք գիշերօթիկի աշխատողների, տնօրենների ընտանիքների բարեկեցությունը ոնց է դասավորվել, այդտեղ էլ կարող ենք շատ հետաքրքիր հետևություններ անել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա համար կառավարությունը հետևողական և կամային որոշմամբ այս բարեփոխումը տանելու ենք առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այդ կարգի այլ հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել բոլոր առումներով, սեփական ուժերի նկատմամբ նրանց վստահությունը մեծացնել, նրանց օժտել գիտելիքներով, հմտություններով, որպեսզի նրանք ոչ թե ամբողջ կյանքում՝ վայ, ես մանկատան սան եմ, դրոշմը իրենց վրա կրեն և դա դարձնեք իրենց հիմնական բրենդը կյանքում, որ իրենց նկատմամբ որոշակի վերաբերմունք կա, այլ իրենք իրենց սեփական աշխատանքով, տաղանդի զարգացմամբ կարողանան իրենց սեփական բարեկեցությունն ապահովել:

«Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք սրանով լուծում ենք պետական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրը: Հաջորդ խնդիրը կա, որ մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաներին վերադարձնենք ընտանիք: Սա շատ կարևոր հարց է, և երբ որ Հայաստանում շատերն ընտանիքը որպես արժեք իբր օգտագործում են որպես իրենց գործունեությունների պատնեշ, ընտանիքն այսպիսի գործողություններով են արժևորում: Իհարկե, կա նաև մտահոգություն, որը լեգիտիմ է, որ մենք արդյո՞ք բոլորն այդ հնարավոր շահառու ընտանիքներն են, որոնք ի վիճակի են այդ երեխաներին ընդունել և մեր նոր քաղաքականության շրջանակներում ապահովել պայմաններ: Այ սրա համար է, որ մենք ասում ենք, որ ընտանիքում բռնության ինստիտուտը կանխարգելման և քննության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի և ՀՀ-ում զարգանա: Մենք նախ այս ընտանիքներին պետք է աջակցենք, որպեսզի այո՛, նրանք այդ չափանիշներին համապատասխանեն: Այսինքն, երեխաների միմյանց համար որոշակի նորմալ տանելի, ընդունելի պայմաններ ստեղծենք, բայց այն պարագայում դա տեղի չի ունենում, պետությունը պետք է միջամտի և այն տրամաբանությունը, որ իմ ընտանիքի անդամն է ինչ ուզում անում եմ, ուզում եմ ծեծում եմ, չեմ ուզում՝ չեմ ծեծում, այս մոտեցմանը մենք հստակ ասում ենք ո՛չ, որովհետև ասում ենք՝այդ ընտանիքի անդամը ՀՀ քաղաքացի է և որևէ մեկը, այդ թվում ընտանիքի անդամը, իրավունք չունի բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների վրա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն այս ճանապարհով պետք է հետևողական, հստակ գնա: «Այս ինստիտուցիոնալ լուծումները, քաղաքականությունը կամային որոշումներով, իհարկե նաև հանրության հետ շատ լուրջ, խորը, մանրամասն վերլուծություններ անելով տանելու ենք առաջ՝ թույլ չտալով, որ ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները չփորձեն Հայաստանը պահել հետադիմության և տգիտության կամ հետ քաշել, կամ տանել մտցնել տգիտության փակուղի: Սա շատ հստակ ենք ասում և մեր վարած քաղաքականությունը,  այս առումով լինելու է սկզբունքային, ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում: Այդպիսի ուժեր այսօր կան նաև կառավարության մեջ, և մենք պետք է հատ-հատ հետևողական արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, հատ-հատ, հետևողականորեն, մինչև մանրուքը, ընդհուպ պինցետով, որ այդ բացիլի ոչ մի մոլեկուլ չմնա: Եվ հաջորդ հարցն է ծագում, իսկ արդյո՞ք այս ամենը երաշխավորում է, որ փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների: Ոչ, երաշխիք չկա, բայց ինչպես ասած է, վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Առնվազն սա արձանագրում է, որ մենք հուսահատության չենք համակերպվելու, որովհետև այդ երեխաները ՀՀ-ի քաղաքացիներ են և Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի այդ երեխաներին հետագա կյանքին պատրաստելու համար, ընդ որում, դա պետք է լինի ոչ թե յոլա գնացողի, խեղճացածի, ձեռք պարզածի, մուրացիկի կյանք, դա պետք է լինի արժանապատիվ աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովող քաղաքացու կյանք: Եվ մենք այստեղ շատ հետևողականորեն պետք է գնանք առաջ:

Ես ուզում եմ, որ մենք միասին սա արձանագրենք: Նույնը վերաբերում է, ի դեպ, տարեցների խնամքի կենտրոններին, որ եկեք այդ կենտրոնները և տեսնենք, ինչ պայմաններում են և ինչ մթնոլորտում են այդ մարդիկ պահվում բառիս բուն իմաստով, որովհետև նրանք պահվում են այդտեղ: Սրան նույնպես պետք է վերջ տալ: Այս ճանապարհը հեշտ չի լինելու, այնպես չի որ մենք հիմա իդեալական համակարգ ենք ստեղծելու, մենք առնվազն ասել ենք, որ այս հուսահատական տրամաբանության հետ չենք համակերպվելու և այս ճանապարհին մեզ ոչ մեկ չի կանգնեցնի, որովհետև ՀՀ ժողովուրդը մեզ տրվել է երկիրն առաջ մղելու մանդատ և բոլոր նրանք, որ ով մեր ոտքերից կկախվեն և կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտքերի վրայից և մեր ժողովրդի հետ, մեր ժողովրդի վստահության պայմաններում մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին իրար հետ կշարժվենք առաջ: Ես ուզում եմ, որ սա բոլորն արձանագրենք, առավել ևս պետական կառավարման համակարգում ներգրավված մարդիկ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Լուծարվող հաստատություններն են «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», «Վանաձորի մանկատունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]