Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են գերատեսչության եւ մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում