ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի հեղինակավոր բեմերում հեղինակավոր նվագախմբեր ղեկավարած դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը շուտով ժամանելու է Երևան: Նա նախնական համաձայնություն է տվել ղեկավարելու Հայաստանում առաջիկայում բեմադրվող Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան:
Փեհլիվանյանի այցի, «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական աշխատանքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանիպետականֆիլհարմոնիայի տնօրեն ԳագիկՄանասյանիհետ, որը նախաձեռնության հեղինակն է:
Մանասյանի խոսքով` Ջորջ Փեհլիվանյանն աշխարհում մեծ հռչակ վայելող դիրիժոր է, որը եղել է Իտալիայի Սարդինա կղզու Կալիարի քաղաքի օպերային թատրոնի, Հաագայի ֆիլհարմոնիկ և Վիեննայի կամերային նվագախմբերի գլխավոր հյուր-դիրիժոր, համագործակցել է Իսպանիայի ազգային նվագախմբի հետ:
«Փեհլիվանյանի մասնակցությունն օպերայի կայացման գործում շատ կարևոր է: Դիրիժորը մեր հրավերով Երևանում կլինի հուլիսի 31-ին: Նրա հետ քննարկելու ենք երգիչների, երաժիշտների ընտրությանը վերաբերող և այլ հարցեր»,-նշեց Մանասյանը:
Նա հավելեց, որ Փեհլիվանյանը հանդես է եկել Լա Սկալայիֆիլհարմոնիկ, Լայպցիգի Gewandhaus նվագախմբերի, Համբուրգի սիմֆոնիկ, Սանտա Սեսեիլիայի ազգային ակադեմիական և այլ նվագախմբերի հետ:
«Հիշեցնեմ, որ Տիգրան Մեծի մասին քառասունից ավելի օպերաներ են գրել այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վիվալդին, Գունոն, Հասեն, բայց տարբեր պատճառաբանություններով մենք չունենք այս քառասուն օպերայից որևէ մեկի բեմադրությունը: Կարծում եմ` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ օպերաները բարոկկո երաժշտական ոճով են գրվել: Բարոկկո երաժշտության գործիքները աղիքե լարերից են պատրաստված: Դրանց կառուցվածքն այլ է. աղեղները բավականին մեծ են: Այդ երաժշտական գործիքներն ու դրանցով նվագելու տեխնիկան Հայաստանում երբեք չեն եղել: Գիտակցելով այդ հանգամանքը` ռեժիսորները խուսափել են «Տիգրան Մեծ» բեմադրել: Անհրաժեշտ է նվագախումբ, որը կարող է նվագել բարոկկո ոճում, երգչախումբ, որը կարող է երգել այդ ոճով»,-շեշտեց Մանասյանը:
Ֆիլհարմոնիայի տնօրենն ասաց, որ «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությամբ ցանկանում է Հայաստանում հիմք դնել բարոկկո երաժշտարվեստի զարգացմանը: Այդ նպատակով նախաձեռնում է նվագախումբ հիմնել, որը կարող է գործունեություն ծավալել նաև «Տիգրան Մեծ» օպերան հանձնելուց հետո: Այն ղեկավարելու է Զավեն Վարդանյանը, որը լավ գիտի բարոկկո երաժշտությունը:
Մանասյանը խոստովանեց, որ շատ է ցանկանում «Տիգրան Մեծ» օպերայի շուրջ համախմբել հայ ստեղծագործողների աշխարհի տարբեր ծայրերից և ձգտում է, որ այդ օպերայի բեմադրությամբ, որը միջոցների սղության պատճառով, հավանաբար, իրականություն կդառնա 2021 թվականի մայիսին, Հայաստանը բարոկկո երաժշտության քարտեզի մասնիկը դառնա:
Բեմադրությունն իրականացնելու համար Գագիկ Մանասյանը համագործակցելու է ռեժիսորԳեորգիԻսահակյանի հետ, որը Ռուսաստանում ստեղծագործող այն քիչ բեմադրիչներից է, որ գրեթե ամեն տարի բարոկկո դասական ոճով օպերաներ է բեմադրում: Մանասյանի հավաստիացմամբ` բարոկկո օպերաներն աշխարհում այսօր շատ տարածված են ու պահանջված: ԱՄՆ-ի, Եվրոպայի գրեթե յուրաքանչյուր օպերային թատրոնում անպայման ամեն տարվա խաղացանկում ընդգրկվում են մեկից ավելի բարոկկո ոճով արված ներկայացումներ:
Մանասյանը հայտնեց, որ օպերային ներկայացման ստեղծման աշխատանքներում ներգրավվել է նաև ՀՀ վաստակավոր արտիստուհիԱննա Մայիլյանը, որն արտերկրում խորությամբ ուսումնասիրել է բարոկկո երգեցողությունը և կարող է աջակցել երգիչների ընտրության հարցում: Մանասյանին աջակցելու են դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, խմբավար Սոնա Հովհաննիսյանը, որոնց նա խորին շնորհակալություն է հայտնում:
«Ես շատ կցանկանամ, որ բեմադրությունը տեղի ունենա Գառնու հեթանոսական տաճարում, քանի որ թեման հեթանոսական է: Այնտեղ հնարավոր է 3000 մարդու համար ամֆիթատրոն ստեղծել»,-եզրափակեց Հայաստանիպետականֆիլհարմոնիայի տնօրենը:
Անժելա Համբարձումյան