Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավը կարող է համալիր զարգանալ. Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Հարավը կարող է համալիր զարգանալ. Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի 
պղնձամոլիբդենային կոմբինատ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նախագահին ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասաց, որ պետք է վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում և կատարում իր սոցիալական պարտականությունները:

«Լեռնամետալուրգիայի հայկական հսկան մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, հատկապես մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Կարևոր է, որպեսզի բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,- նշեց Սարգսյանը։

Նախագահը նաև ընդգծեց, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության և զբոսաշրջության համար։

Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարևոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը հանրապետության հանքարդյունաբերական ոլորտի առաջատարն է, տարածաշրջանի ամենամեծ բաց հանքը: Այստեղ արդյունահանվում և արտադրվում է պղնձի և մոլիբդենի խտանյութ:

Ընկերությունը ՀՀ-ի խոշոր հարկատուների ցանկում ավանդաբար գտնվում է առաջին տասնյակում:

Ընկերությունը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով՝ արդյունահանելով տարեկան 12-14 մլն տոկոս հանքաքար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]