Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց շուտով կմտնի հայաստանյան շուկա. ընկերության հիմնադիրը հերքում է գործարանի գոյություն չունենալու լուրերը

«Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց շուտով կմտնի հայաստանյան շուկա. 
ընկերության հիմնադիրը հերքում է գործարանի գոյություն չունենալու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց պարունակող 2 կոնտեյներ այժմ գտնվում է Վրաստանի Փոթիի նավահանգստում, դրանք շուտով կտեղափոխվեն Հայաստան և կվաճառվեն հայկական շուկայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ հիմնադիր Սուրեն Վարդանյանը:

Ընկերության հիմնադիրը հերքեց մամուլում տարածված  լուրերը, թե իրենց գործարանը գոյություն չունի։ Վարդանյանի խոսքով՝ Մերձավանում գտնվող գործարանում հեռուստացույցներ դեռ չեն արտադրվում, դրանց արտադրանքը, ինչպես որ ծրագրվել էր, կմեկնարկի 2 տարի անց, իսկ մինչ այդ Հայաստանում կվաճառվեն ընկերության կողմից արտասահմանում արտադրված հեռուստացույցները: Նա նշեց, որ իրենց ընկերության կողմից Հորդանանում արտադրված հեռուստացույցներն արդեն իսկ վաճառվում են Հայաստանում, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում, իսկ գործարանում տարիներ անց հնարավոր կլինի հեռուստացույցներից բացի նաև այլ հայկական կենցաղային տեխնիկա տեղում արտադրել:

«Այժմ 2 կոնտեյներով 1000 հեռուստացույց գտնվում է Փոթիում: Եվս չորս կոնտեյներ ճանապարհին են՝ Կորեայից և Չինաստանից գալիս են Հայաստան: Երբ լինի կառավարության կողմից համապատասխան արտոնությունը, մեկ-երկու օրվա ընթացքում հեռուստացույցները Փոթիից կտեղափոխվեն Երևան»,- ասաց Վարդանյանը:

Սուրեն Վարդանյանը նշեց, որ իրենք սպասում են գործադիրի կողմից հարկային արտոնության տրամադրմանը, որի համար դիմել են փետրվարի 18-ին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

«Հնարավոր է՝ չսպասենք հարկային արտոնության տրամադրմանը և արդեն երկուշաբթի օրվանից սկսենք փոխադրման գործընթացը: Արդեն ապրիլ ամսվա վերջին դրանք, հավանաբար, Հայաստանում կլինեն»,- նշեց Սուրեն Վարդանյանը:

2018թ. Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին

Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]