ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնել է բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդն ամեն ինչ կանի երկրում բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար: Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերում դրանց, ինչպես են այդ փոփոխությունները լուսաբանում լրատվամիջոցները, հատկապես` հակակոռուպցիոն պայքարը: Անկախ լրատվամիջոցները, անկախ դատական համակարգը շատ կարևոր են, կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրանց»,- ասաց Յագլանդը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ավարտին ԵԽ քարտուղարին հանձնեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը:
Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։