Մշակույթ

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Տիգրան Մանսուրյանի տարեդարձի հանդիսությանը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Տիգրան Մանսուրյանի տարեդարձի հանդիսությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 27-ին մասնակցել է հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ և ՀԽՍՀ պետական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսությանը:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը:

Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների:

Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

«Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ...»,-նշել է Տիգրան Մանսուրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում