Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ կիթառի հանրապետական մրցույթ կանցկացվի

3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ կիթառի հանրապետական մրցույթ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի դասական կիթառի հանրապետական մրցույթ: Մրցույթը կիրականացվի հունիսի 17-20-ը Իջևանում, Գյումրիում և Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բոլոր մասնակիցները կստանան հիշարժան մրցանակներ, տարիքային բոլոր խմբերի հաղթողներին կշնորհվեն հատուկ մրցանակներ D’ADDARIO & CO միջազգային ընկերության կողմից, ինչպես նաև ուսումնական ձեռնարկներ: Դրամական պարգևներ կստանան բարձր տարիքային խմբի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի հաղթողների ուսուցիչները:

Մրցույթի ժյուրիի նախագահն է դասական կիթառի ուսուցիչ, պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Նունե Բադալյանը:

Դասական կիթառի 1-ին հանրապետական մրցույթն իրականացվում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի համագործակցության արդյունքում:  

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը և մրցանակաբաշխության արարողությունները կկայանան հունիսի 17-ին Գյումրիում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում և Իջևանում՝ Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում, իսկ հունիսի 18-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Հունիսի 19-ին տեղի կունենա բաց դաս, որը կանցկացնեն ժյուրիի անդամները: Հունիսի 20-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Հանդիսատեսի համար վերը նշված բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Բոլոր մանրամասներին հնարավոր է ծանոթանալ Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի կայքում:

Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը միայն 2023-ին տարբեր երաժշտական գործիքներ տիրապետող երիտասարդների ու պատանիների համար իրականացրել է թվով 90 վարպետության դաս: Արտերկրից ժամանած լավագույն մասնագետները դասեր են անցկացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ շրջելով Նոյեմբերյանից մինչև Ագարակ: Արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ամենատարածված երաժշտական գործիքը կիթառն է: Հայաստանում կան ամենատարբեր տարիքի ինքնուս կիթառահարներից մինչև ակադեմիական բարձր կատարողական որակ ունեցող կիթառահարներ, ինչը և պատճառ հանդիսացավ հիմնադրամի համար առաջին հանրապետական մրցույթն իրականացնել հենց դասական կիթառի ժանրում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում