Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

14 րոպեի ընթերցում

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը ջութակին ծանոթացել է փոքր տարիքում, բայց սիրահարվել է գործիքին, երբ համերգների ժամանակ բացահայտել է դրա կախարդական ազդեցությունը հասարակության վրա: Եվրոպայում բարձրակարգ կրթություն ստանալուց հետո դասական ստեղծագործությունների փայլուն մեկնաբանություններով նվաճել է աշխարհը, արժանացել բազմաթիվ մրցանակների, գրավել հազարավոր երաժշտասերների սրտեր, սակայն տարիներ առաջ փոքր ինչ հեռացել է դասական արվեստից և ստեղծել իր ուրույն ոճը:

Ջութակահարը համարձակ քայլ է արել և հաջողել է․ Ranker պորտալի հարցումների համաձայն` Արա Մալիկյանն աշխարհի լավագույն երեսուն ջութակահարներից է: Ասում է՝ չի փորձել նմանակել որևէ մեկին, ձգտել է աշխարհին ապացուցել, որ ինքնատիպ է, ունի սեփական ձեռագիր և կարող է կերտել հաջողության իր ուղին:

Օրերս Մալիկյանը համերգային ծրագրով հանդես եկավ Հայաստանում՝ Երևանում: «Արմենպրես»-ի թղթակիցն առիթն օգտագործել և մինչ համերգային երեկոն սկսելը՝ զրուցել է արտիստի հետ:

- Պարոն Մալիկյան, ուրախ եմ, որ նախորդ համերգին խոստացաք և վերադարձաք Երևան:

- Գիտեի, որ պետք է վերադառնամ: Շատ ուրախ եմ, որ կրկին համերգով եմ հանդես գալու և ժողովրդի հոգին պետք է նորից զգամ: Իրականում դա շատ կարևոր է: Եթե  տանը միայնակ նվագեմ, երբեք ոչինչ տեղի չի ունենա, բայց, երբ զգում եմ հանդիսատեսի հոգին, էներգիան, բոլորովին այլ բան է կատարվում:

- Անհամբերությամբ ենք սպասում այդ էներգիայի փոխանցմանը․․․ Ձեր մասին բազմաթիվ հաղորդումներ կան, վավերագրական ֆիլմ, որը մրցանակի է արժանացել հեղինակավոր փառատոններից մեկում: Դժվար է բացահայտումներ անել, սակայն փորձենք վերհիշել Ձեր անցած ուղին՝ ինչից եք սկսել և հասել համաշխարհային փառքի:

«Իմ հայրն ինձ ստիպել է ջութակ նվագել, հենց ծնվել եմ»,- մի առիթով խոստովանել եք Դուք:

- Այո՛: Նա հնարավորություն չէր ունեցել ջութակ նվագել սովորել և ցանկանում էր, որ ես նվագեմ: Մինչ իմ ծնվելը որոշել էր, որ պետք է ջութակահար դառնամ;

- Երբ առաջին անգամ տեսաք գործիքը, այն Ձեզ դուր եկա՞վ: 

- Երբ փոքր էի, չէի մտածում, թե ինչ նշանակություն ունի ջութակը, քանի որ ծնված օրից այն տեսնում էի: Բնական էի համարում, որ տանը պետք է լինի այդ գործիքը, հասարակ բան էր ինձ համար, քանի որ շատ ջութակներ ունեինք, այդ գործիքն անընդհատ հնչում էր տանը: Շատ բնական ստացվեց ջութակ նվագելն ու երաժշտության ոլորտ մուտք գործելը: Միշտ եմ սիրել երաժշտությունը, ջութակը, բայց կարծում եմ, որ կախարդվեցի այն ժամանակ, երբ հասկացա, թե ինչ կարող է փոխել երաժշտությունը, ինչ ազդեցություն կարող է թողնել թե՛ երաժիշտի, թե՛ այլ մարդկանց վրա: Ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի նվագել ժողովրդի համար: Նույնիսկ, եթե երեք, չորս կամ տասը մարդու առաջ  ես նվագում, տարբեր հույզեր են արթնանում ներսումդ, մտքումդ, գլխումդ: Ինձ համար շատ կարևոր է, որ այս կախարդական բաները պատահեն երաժշտության, արվեստի միջոցով:

- Եթե չեմ սխալվում, առաջին անգամ բեմ եք բարձրացել 12 տարեկանում: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ստիպված եք եղել պարապել ռմբապաստարաններում: Կարո՞ք ենք ասել, որ այդ ժամանակ երաժշտությունն ապրելու, դժվարությունները հաղթահարելու միջոց էր թե՛ Ձեզ, թե՛ Ձեզ շրջապատող մարդկանց համար:

- Հայաստանը ևս շատ դժվար ժամանակներ է ապրել և դեռ ապրում է: Երբ պատերազմ է, գլխավերևում ռումբեր են պայթում, ապագա չկա՝ չես մտածում, չես երազում: Կարևոր է դառնում հիման, որ ողջ ես, որ կարող ես խնդալ, ուրախանալ: Նման իրավիճակներում ո՛չ ապագան, ո՛չ անցյալը կարևոր չեն: Շատ բան խաղաղ ժամանակներում սովորեցի, շատ բան էլ պատերազմի ժամանակ, երբ 12 տարեկան էի: Միշտ պետք է հիշել, թե ինչ է պատահել, բայց կարևորը հիման է, այն, ինչ հիմա է կատարվում:

- Կարևորը պահը բաց չթողնելն է: Ճակատագիրը Լիբանանից Ձեզ տարավ Եվրոպա: Մասնագիտական կրթություն եք ստացել Գերմանիայում, հետո՝ Լոնդոնում, այնուհետև բացահայտեցիք Իսպանիան: Եղել եք Մադրիդի թագավորական նվագախմբի կոնցերտմայստերը: Ինչո՞ւ թողեցիք այդ ամենը: Ստեղծագործական ազատությունը Ձեզ համար առաջնայի՞ն է:

- Դա շատ կարևոր է աշխարհում, մարդկային հարաբերություններում: Մենք հաճախ ազատ չենք և այդ պարագայում նաև ուրախ չենք: Ես երազանքներ ունեի՝ կապված ջութակի, երաժշտության հետ, ցանկանում էի այլ բան անել: Դասական ոլորտում շատ ազատություն չունես, շատ սահմանափակումներ կան: Ուրախ էի, որ դասական արվեստում էի, բայց նաև սեղմված էի: Համարձակվեցի ամեն բան թողնել և իմ պատկերացմամբ շարունակել նվագել, նվագել այնպես, ինչպես ես եմ զգում երաժշտությունը, ինչպես ես եմ այն ընկալում: Դժվար էր, որովհետև հարկավոր էր նաև նոր բան ստեղծել, բայց բախտն ինձ ժպտաց․․․

- Այո՛, Դուք հաջողեցիք: Ձեր սեփական ստեղծագործությունները տարբեր ժողովուրդների ավանդական երաժշտությունն են հիշեցնում՝ հայերի, արաբների, գնչուների… Ի՞նչն է գրավում այդ բազմազանության մեջ:

- Շատ էի ճամփորդում, տարբեր երկրներում ծանոթանում բազմաթիվ երաժիշտների հետ: Այդ ճամփորդությունները փոխեցին իմ կյանքը: Շատ սիրում եմ դասական երաժշտությունը, սիրահարված եմ դասական արվեստին, բայց պետք է խոստովանել, որ անգամ մեծ կոմպոզիտորները ոգեշնչվել են ժողովրդական երաժշտությունից:

-Իսկ հե՞շտ է համադրել այդ ամենը:

-Դա շատ դյուրին է: Հարկավոր չէ մտածել ամեն բան խառնելու մասին: Կարևոր է սովորել, ոգեշնչվել և քո սեփական մեկնաբանությամբ, քո ձևով ներկայացնել այն, ինչ ցանկանում ես: Եթե ոչ, կանես այն, ինչն ուրիշն է անում, բայց ավելի վատ։ Ուստի, դու քո հոգով ու սրտով, քո ձևով, հենց քո սխալներով պետք է ներկայացնես ներսդ:

- Ձեզ երբևէ քննդատե՞լ են:

- Իհարկե, և դա շատ կարևոր է: Կարևոր է լսել, բայց չփոխել քեզ: Լավ է իմանալ, թե ինչն է լավ, ինչը վատ՝ լսելով քննադատությունները, և պետք է անել այն, ինչը քեզ ուրախություն է պարգևում, ինչը քեզ բարձրացնում է:

- Բախի, Պագանինիի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների գործերից բացի կատարում եք հայ հեղինակների գործեր՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան… Կոմիտասի մեղեդիներում և՛ թախիծ, և՛ կարոտ, և՛ ցնծություն կա: Դուք ի՞նչ եք զգում Կոմիտաս նվագելիս:

- Կոմիտասի երաժշտությունը շատ անձնական է: Չգիտեմ՝ արդյոք նրա նման այլ հեղինակ կա՞: Նրա երաժշտությունը լսում ես ու անմիջապես հասկանում, որ Կոմիտաս է: Անչափ կարևոր է լսել, զգալ նրա հոգին: Երբ Կոմիտաս ես նվագում ժողովրդի համար, հեշտությամբ հասնում է հանդիսատեսի հոգուն, սրտին: 

- Իսկ Ձեզ հաճա՞խ են հարցնում, թե ով էր Կոմիտասը:

- Շատ հաճախ: Միշտ են հարցնում: Այն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են, գիտեն, թե ով է Կոմիտասը, քանի որ նա իմ ժողովրդի ամենանշանավոր դեմքերից է: 

- Ասում են՝ փոքր պետությունների, փոքր երկրների ներկայացուցիչները երբեմն կաշկանդվում են աշխարհին ներկայանալիս: Դուք կարծես՝ այդ բարդույթը չունեք…

- Երբ 14 տարեկանում Գերմանիա գնացի առանց ծնողներիս, առանց ընկերներիս, առանց աշխարհը լավ ճանաչելու, վախ կար, բարդույթներ ևս կային, բայց պետք է սովորել, և վախն ու  բարդույթները քո ուժը դարձնել: Ես չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, ես եղա այն, ինչ հիմա կամ, և փորձեցի համոզել, որ այն, ինչ ես կամ իմ բարդույթներով, սխալներով հանդերձ՝ լավ է:

- Ձեզ հիշում են ոչ միայն վիրտուոզ կատարումների, այլև անսովոր արտաքինի, զգեստների, խենթ էներգետիկայի շնորհիվ: Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր բեմական կերպարը: Կարո՞ղ ենք ասել, որ այն արտացոլում է Ձեր տարբեր եսերը:

- Ազատության հարց է: Դասական ոլորտում ամեն բան արգելված է: Երբ ազատվեցի սահմանափակումներից, ինձ ազատ զգացի, ցանկացա մարմնիս ազատություն տալ, ու  շատ բան փոխվեց․ բախտ վիճակվեց աշխատել պարային խմբերի հետ, տեսա, թե ինչպես են ուրիշ արտիստները շարժվում բեմում, պարում, մտածում ոչ միայն երաժշտության, այլև ամբողջ բեմն իրենցով լցնելու մասին: Դա մեծ փորձառություն էր:

- Հաճախ եք Հայաստան գալիս, բայց հանգստանալու նպատակով: Նախորդ տարի առաջին անգամ հանդես եկաք երևանյան բեմում: Ինչպիսի՞ն էր տպավորությունը, սպասված հանդիպումը տեղի երաժշտասերների հետ:

- Անմոռանալի էր: Շատ հուզիչ էր: Ես Հայաստանը գիտեի, հաճախ այցելում էի, բայց առաջին անգամ էի համերգով ներկայանում և չգիտեի, թե ինչպես կստացվի կապը հանդիսատեսի հետ: Շատ ուրախ էի, դրա համար այս տարի ևս վերադարձա: Հույս ունեմ, որ կրկին կգամ: Երբ բեմում ես, ժողովուրդը քեզ շատ հույզեր է փոխանցում, և կախվածություն է առաջանում: Նորից ու նորից ցանկանում ես ապրել դա, ինչը վտանգավոր է: Հայ ժողովուրդը, Երևանի ժողովուրդը  շատ բաց է, հոգին քեզ կնվիրի, և դու շատ կլցվես:

- Դուք մենակ չէիք բեմում. Ձեզ հետ էին երաժիշտներ, որոնց հետ նվագում եք ավելի քան երեսուն տարի: Մի առիթով ասել եք, որ հաճախ եք ձանձրանում, իսկ երաժիշտների հետ ինչպե՞ս եք աշխատում: Ձանձրույթ չկա՞:

- Ձանձրույթ չկա, որովհետև մեզնից յուրաքանչյուրն իր կյանքն ունի, իր նախագծերը, բայց միասին հաճախ ենք նվագում: Երկար տարիներ ենք աշխատում: Յուրաքանչյուր համերգի մի նոր բան է պատահում, իրար լավ ենք ճանաչում, և ես շատ որախ եմ, որ նրանք կան, որ իմ կողքին են երեսուն տարի: Շատ ենք ծիծաղում միասին:

- Գիտեմ, որ Ձեր ծանոթությունը հետաքրքիր պատմություն ունի: Կներկայացնե՞ք այն ընթերցողներին:

- Ծանոթացել ենք տարօրինակ մթնոլորտում: Ես իսպաներեն չէի խոսում, նրանք՝ հայերեն: Պետք է համատեղ մի ժամանակակից ստեղծագործություն նվագեինք: Մեզնից ոչ մեկը չէր պատրաստվել: Բեմում հնարեցինք ամբողջ ստեղծագործությունը: Այդ ժամանակակից ստեղծագործության հեղինակը շատ զայրացավ, երբ տեսավ, որ բոլորովին այլ բան ենք նվագում: Նա սկսեց գոռալ, իսկ միջոցառմանը նեկա հանդիսատեսը չէր հասկանում, թե ինչու է նա գոռում: Ես էլ խնդրեցի, որ ժողովուրդը ևս գոռա: Այդպես բոլորը սկսեցինք գոռալ, և շատ լավ ժամանակ անցկացրինք: Հաճույքով ենք հիշում այդ օրը:

- Այս շրջագայությունը նվիրել եք Ձեր որդուն: Ի՞նչ փոխեց նրա ծնունդը Ձեր կյանքում:

- Կյանքս օրական փոխվում է․ վերջին վեց ամսում շատ բան կատարվեց: Մարդու համար ամենակարևորն առողջությունն է: Մենք շատ բան կարող ենք անել, ստեղծել, իսկ եթե առողջ չենք, ոչինչ հնարավոր չէ անել: Վերջին ամիսներին առողջական խնդիրների առաջ կանգնեցի, երբ լավացա, շատ բան փոխվեց: Առավել արժևորվեց առողջությունը, ժպիտը: Կարևոր է չանել այն, ինչ չես ցանկանում:

- Ինչպես արդեն ասացինք Ձեզ ջութակին ծանոթացրել է Ձեր հայրը, իսկ Դուք ցանկանո՞մ եք, որ Ձեր որդին ջութակահար դառնա:

- Անկարելի է: Փորձեցի այնպես անել, որ նա սիրի ջութակը, բայց անհնար է: Նա այլ տաղանդներ ունի. սիրում է երաժշտությունը, դաշնամուր բավականին լավ է նվագում, բայց չեմ կարծում, որ երաժիշտ դառնա: Գուցե սխալվում եմ: Կարևորը՝  երջանիկ լինի:

- Միանշանակ: Ամիսներ առաջ հաճելի անակնկալ էր «Թղթե տունը. Բեռլին» սերիալում Ձեզ հանդիպելը: Առաջիկայում ի՞նչ համագործակցություններ են սպասվում կինոյի ոլորտում:

- Դա կատակ դրվագ էր: Ֆիլմի ռեժիսորն ընկերս է. ասաց, որ ջութակահարի կարիք կա, ես էլ սիրով համաձայնվեցի նվագել: Լավ ժամանակ անցկացրինք: Երբ առիթ է լինում, կինոյի համար երաժշտություն գրում եմ: Սիրում եմ դա անել, բայց ժամանակս սուղ է, և ինձ համար առավել կարևոր է բեմում լինելը: Ստուդիայում լինելը բավականին դժվար է: 

- Չնայած դրան՝ ավելի քան քառասուն ալբոմ եք ձայնագրել: 

- Այժմ սկավառակները չեն վաճառվում, բայց շուտով նոր ալբոմ եմ թողարկելու:

-Այսօր Ձեր հանդիպումն է Հայաստանի երկրպագուների հետ: Նախորդ անգամ հույս ունեինք, որ հայ կոմպոզիտորի որևէ ստեղծագործություն կնվագեք, բայց չարեցիք դա: Այս անգամ կնվագե՞ք:

- Անշուշտ: Կոմիտաս ենք նվագելու:

- Սիրով կսպասենք համերգային երեկոյին: Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ զրուցելը: Նորանոր նվաճումներ եմ մաղթում: Բոլորս սրտանց ջերմանում ենք Ձեր հաջողություններով: Շնորհակալ եմ:

-Ես եմ շնորհակալ:

Հեղինակ՝ Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Հայաստան

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել

Հայաստան

ՆԳՆ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով քննարկում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հայաստան

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում