Հայաստան

Նոր Նորք վարչական շրջանին պատճառված 13.9 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

3 րոպեի ընթերցում

Նոր Նորք վարչական շրջանին պատճառված 13.9 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ համայնքի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները բնակիչներից հավաքագրված գումարները չեն մուտքագրել համայնքի բյուջե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդհանուր առմամբ 13 մլն 953 հազար 417 ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին, սակայն այդ գումարն ամբողջությամբ վերականգնվել է։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մ.-ն և Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցները յուրացման եղանակով հափշտակել են համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև պատրաստել և օգտագործել են

վճարման չափն ու փաստը հաստատող ակնհայտ կեղծ անդորրագրեր։

Մասնավորապես՝ Գ.Մ.-ն 2019 թվականի օգոստոսի 14-ից 2021 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր սպասարկման ենթակա տարածքի բնակիչներից՝ որպես աղբահանության վճար, գանձված գումարների դիմաց տվել է նրանցից ստացված գումարներին համապատասխան, իր կողմից կատարված ձեռագիր նշագրումներով անդորրագրեր, սակայն դրանց երկրորդ օրինակների վրա կատարել է կեղծիք՝ դրանցում նշելով փաստացի գանձվածից քիչ գումարներ, որոնք ներկայացրել է Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջան:

Արդյունքում, համայնքին պատճառվել է 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով): 

Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում