Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Շիրակի մարզում կայուն է: Չնայած սեզոնին բնորոշ հիվանդության աճին, մարզում այդ ցուցանիշը սեզոնային նորմայի շրջանակներում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված տվյալներով, նախորդ տարվա համեմատ այդ թիվը նվազել է:
«Մենք ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում և հետևում ենք հիվանդության ցուցանիշներին: Մեր մարզում այս պահին այդ ցուցանիշը նորմայի շրջանակներում է, ավելին՝ համեմատական տանելով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի հետ, այդ ցուցանիշը նվազել է: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում և մանկապարտեզներում բացակայությունների ցուցանիշին՝ դրանք 11 տոկոս են կազմում, ինչն ահազանգ չէ՝ դպրոցների աշխատանքը հեռավար կազմակերպելու, այնպես որ այս պահի դրությամբ խնդիր չունենք»,—նշեց Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ մարզը ապահովված է գրիպի պատվաստանյութով, ու բաշխումն արված է առողջության առաջնային օղակին: