Մշակույթ

Ակսել Բակունցի ստեղծագործությունները՝ հայ գրականության գանձարանի գոհարներ. նշվում է մեծ գրողի 125-ամյակը

5 րոպեի ընթերցում

Ակսել Բակունցի ստեղծագործությունները՝ հայ գրականության գանձարանի գոհարներ. նշվում է մեծ գրողի 125-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գրող, անվանի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի առթիվ մի խումբ գրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ հունիսի 13-ին ծաղիկներ խոնարհեցին գրողի հուշակոթողի մոտ, որը տեղադրված է Երևանում՝ այն տան առաջ, որտեղ 1927 թվականից մինչև 1936 թվականը ապրել և ստեղծագործել է Ակսել Բակունցը: 

HM2_7768.JPG

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանն ասաց՝ շատ կարևոր է, երբ այսօրվա գրողը զգում է, թե ինչպես են սիրում Բակունցին: «Արձակի վերաբերյալ իմ սկզբունքները, մոտեցումները փոխվեցին Թումանյանի «Գիքորը», Չարենցի «Երկիր Նաիրի» և Բակունցի «Ալպիական մանուշակ» ստեղծագործությունների շնորհիվ: Առանց երկմտելու կարող եմ ասել, որ Բակունցը մեր գրականության, մեր արձակի գրական արժանապատվությունն է խորհրդանշում: Ավաղ, այսօր էլ գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, իսկ աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»,-շեշտեց Գասպարյանը:

HM2_7792.JPG

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանն էլ նշեց, որ առավոտյան սոցիալական հարթակում հրապարակել է Ակսել Բակունցի «Աղոթք»-ը, որը Բակունցը գրել է 1917-1918 թվականներին Արդահանի կռիվներին, Սարդարապատի ճակատամարտին մասնակցելուց հետո: «Այդ աղոթքն այսօր էլ թող մեզ պահապան լինի, որովհետև ամեն ինչ մաշկի վրա զգացած, ապրած, իր հայրենիքը, հողը զգացող անհատականության, մեծի խոսքը բացառիկ է: Պատահական չէ, որ Բակունցը նաև անցել է հոգևոր դպրոց՝ սովորելով Գևորգյան ճեմարանում, հետագայում Թիֆլիսում տեխնիկական գիտություններ է ուսումնասիրել, Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն է ավարտել, դասավանդել է դպրոցում: Նա բոլոր առումներով կյանքը շոշափել է, իսկ նրա պոետական ոգին բացառիկ էր: Բակունցի «Ալպիական մանուշակ»-ը, «Խոնարհ աղջիկ»-ը, «Ծիրանի փողը», «Մթնաձոր»-ը դիպել են բոլորիս հոգուն և մշտապես լինելու են մեր գրականության գանձարանի գոհարները»,-շեշտեց Գալստյանը:

HM2_7816.JPG

Նա կարծում է՝ գրողի 125-ամյակը առիթ է բացելու ու վերընթերցելու նրա ստեղծագործությունները: «Բակունցի գործերը բեմադրվում են, նկարահանվում են, վերարծարծվում է գրական տեքստը, բայց վերընթերցումն ու խոսքը շատ կարևոր են մեր օրերում: Լիահույս եմ, որ մեր ներսում Բակունցը պետք է խոսի իր աղոթքով  ու չքնաղ գրականությամբ»,-եզրափակեց Գալստյանը:

Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն Ակսել Բակունցին համարում է 20-րդ դարի հարուստ գրական ժառանգության թողած գրող, հզոր հեղինակ: Ըստ Մկրտչյանի՝ եթե Բակունց երևույթը չլիներ, նրանից հետո չէին լինի բազմաթիվ հրաշալի գրողներ: «Մենք շատ ենք խոսում Ֆոլկների մասին, բայց այդ նույն աշխարհի խորքերը Գորիսում բացեց Բակունցը: Նրա «Պրովինցիայի մայրամուտ»-ը հիշենք: Բակունցն իր մտածողությամբ ներկա է այսօրվա գրականության մեջ: Նա մեր թանկն է, մեր մեծն է, որին պետք է ըստ արժանվույն գնահատենք»,-շեշտեց գրողը:

HM2_7840.JPG

Նրա խոսքով՝ Բակունցը 1937 թվականին գնդակահարվեց, սակայն նման թվականներ անընդհատ լինում են, և ժողովուրդը պետք է փրկի իր զավակներին:

HM2_7760.JPG

Ակսել Բակունցի 125-ամյակը կնշանավորվի բազմաթիվ այլ միջոցառումներով. մեկնարկը կտրվի հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում: 

Հոբելյանական օրվա շրջանակում կկայանա հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ: Տեղի կունենան Arloopa հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Թատերական ներկայացումներով հանդես կգան Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի կունենա համերգային ծրագիր: Միջոցառումները կուղեկցվեն հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում