ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը
2 րոպեի ընթերցում
![ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/14/TLxGFxcCmRcXV0cbivIxLacn39vViIGWhDmlQeWh.webp)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրներ, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև առաջիկա անելիքները: Նախարարը հետաքրքրվել է, թե կառուցվելիք մոդուլային կենտրոնում ինչ գործընթացներ են կազմակերպվելու, և որքանով այն կնպաստի արգելոցի հիմնական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
ԿԳՄՍ նախարարն այցի շրջանակում նաև ծանոթացել է տարածքում առկա ենթակառուցվածքներին և պայմաններին, շրջել արգելոցի տարածքում:
Տնօրեն Արմեն Դավթյանը նախարարին ներկայացրել է հիմնական խնդիրները՝ կարևորելով այցելուների թվի ավելացումը, հանրահռչակումն ու զարգացումը:
Ժաննա Անդրեասյանի հանձնարարությամբ համայնքի հետ կքննարկվեն արգելոցի տարածքում շինթույլտվության փաստաթղթային հարցերը՝ նախատեսվող աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով: