«Կին-Woman-Das Mädchen-La Femme» համերգով կներկայացվի կինն իր տարբեր դրսևորումներով
2 րոպեի ընթերցում
![«Կին-Woman-Das Mädchen-La Femme» համերգով կներկայացվի կինն իր տարբեր դրսևորումներով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/13/DMjtNZyDURdWTbzZyppkHQbButhiTdeuApeedwIS.webp)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանտատա» մշակութային հասարակական կազմակերպությունը կներկայացնի նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ-ներկայացում, որը կրում է «Կին-Woman-Das Mädchen-La Femme» խորագիրը:
Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինը մայր է, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «Կանտատա» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսորն Օլգա Գուսևան է: Ծրագրում ընդգրկված են Յ.Ս. Բախի, Ժ. Ֆ. Ռամոյի, Ժ. Բիզեի, Բ. Բրիտտենի և Ա. Պիացոլլայի ստեղծագործություններից։
Համերգը բաղկացած է մեկը մյուսին լրացնող չորս մասից. յուրաքանչյուր մաս նվիրված է կնոջ մեկ կերպարի։ Կնոջ ամեն մի կերպարի համար ընտրված են մեկ դարաշրջանի վոկալ-կամերային ստեղծագործություններ։
Նախագծի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել կնոջ կերպարն իր չորս մարմնացումներով։
Համերգ-ներկայացման հանդիսատեսը կտեսնի կնոջն այդ չորս կերպարի մեջ․ կին, որն իրեն զգում է ուժեղ՝ չկորցնելով իր կանացիությունը։ «Կանտատա» մշակութային հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնական գաղափարախոսությանը, այս նախագծի շրջանակներում ևս հանդիսատեսին կներկայացնի հազվադեպ կատարվող ստեղծագործություններ։
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի գործընկերությամբ։