Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բաքվի և Սումգայիթի ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից

Բաքվի և Սումգայիթի ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանինը տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում էին հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը, բռնությունները: Բաքվում հայերի հանդեպ ջարդեր իրականացվել են նաև նախորդ տարիներին՝ 1988-1989թթ.: Ընդհանուր առմամբ, 1988-1990թթ. Բաքվում ջարդերի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի [1]:

Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում և ավելի վաղ՝ 1988թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը:

Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:

Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձևերը Բաքվի և Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանը երեք անգամ՝ 1988թ. հուլիսի 7-ին, 1990թ. հունվարի 18-ին և 1991թ. մարտի 14-ին, ընդունել է Սումգայիթի ջարդերը (pogrom) և Բաքվի ջարդերը (massacre) դատապարտող երեք բանաձև: Բանաձևերում կոչ է արվում ԽՍՀՄ իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապրող հայերի և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ուշագրավ է, որ 1990թ. հունվարի 18-ի բանաձևով՝ ԽՍՀՄ զորքերը Բաքու մտցնելուց մեկ օր առաջ կոչ է արվում Եվրահանձնաժողովին և Եվրոպական Խորհրդին ԽՍՀՄ իշխանություններին ներկայացնել բանաձևը և վստահ լինել «որ նրանք երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ զորքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար»:

1990թ. հունվարի 18-ի բանաձևում [2] Եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող ջարդերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, Հայաստանի շրջափակումը: Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, ինչի հետևանքով, նախնական հաշվարկներով, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ, որոշ հայեր մահացել են, մասնավորապես, դաժան պայմաններում: Բանաձևում նաև դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես, Շահումյանի և Գետաշենի շրջանների վրա հարձակումները: 1990թ. հունվարի 18-ի բանաձևում նաև հղում է կատարվում 1988թ. հուլիսի 7-ին ընդունված «Խորհրդային Հայաստանի վերաբերյալ» բանաձևին, որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերը և Բաքվում հայերի դեմ բռնությունները:

Բանաձևով Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպայի Խորհրդին կոչ է արվում բողոք ներկայացնել Խորհրդային իշխանություններին՝ վստահ լինելու, որ.

  • Վերջիններս հրահանգել են անմիջապես և ամբողջովին վերացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
  • Նրանք գտնեն տևական քաղաքական լուծում ԼՂ հակամարտության համար:
  • Որ նրանք երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ զորքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար:
  • Որ նրանք երաշխավորում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժման ազատությունը, գույքի և մարդկանց անվտանգությունը:
  • Որ հայերի դեմ իրականացված ջարդերի հանգամանքները, մասնավորապես, Սումգայիթի և Կիրովաբադի (Գանձակ), ամբողջությամբ բացահայտված են:

Հարկ է նշել, որ Բաքվում ապրող հայերի դեմ բռնությունները և ջարդերը 1990թ. հունվարին չեն սկսվել: Նշված բանաձևը, ինչպես նաև ավելի վաղ՝ 1988թ. հուլիսի 7-ի Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը [3] փաստում են, որ Բաքվում հայերի դեմ բռնության գործողություններ իրականացվել են դեռևս 1988 թվականից սկսած: Բազմաթիվ ականատեսների վկայությունները ևս ցույց են տալիս, որ հայերի նկատմամբ բռնություններ, ունեցվածքից նրանց զրկելու, հարկադիր տեղահանելու, սպանելու բազմաթիվ դեպքեր գրանցվել են նաև 1989թ. [4]:

1987թ. բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ «վատթարացող քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է Սումգայիթում հակահայկական ջարդերի և Բաքվում բռնության գործադրման լուրջ դեպքերի՝ ինքնին սպառնում է Ադրբեջանում ապրող հայերի անվտանգությանը»: Բանաձևում նաև նշվում է հետևյալը.

Կոչ է արվում խորհրդային իշխանություններին ապահովել այդ պահին Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի անվտանգությունը և համոզվել, որ հայերի դեմ ջարդեր հրահրած (դրդած) կամ դրանց մասնակցած և մեղավոր ճանաչված անձինք կպատժվեն ԽՍՀՄ օրենքներին համապատասխան:

Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ ինքնավար մարզի հայ բնակիչների դեմ բռնություններին, ԼՂ բնակչության պահանջներին.

  • Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ ցուցարարների դեմ բռնությունները,
  • Սատարում է Հայաստանի Խորհրդային Հանրապետության հետ վերամիավորվելուն ուղղված հայկական փոքրամասնության պահանջը:

Ինչպես տեսնում ենք, չնայած 1988թ. բանաձևում արդեն իսկ Եվրոպական Խորհրդարանը փաստում էր, որ Ադրբեջանում ապրող հայերի կյանքին և գույքին վտանգ է սպառնում, սակայն Խորհրդային Ադրբեջանում այդ կանխելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվել, ինչը ևս հանգեցրել է 1990թ. հունվարի ջարդերին:

Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերին անդրադարձող մեկ այլ կարևոր բանաձև [5] Եվրոպական Խորհրդարանն ընդունել է 1991թ. մարտի 14-ին: «Հայաստանի շրջափակման և այնտեղ մարդու իրավունքների [հետ կապված] իրավիճակի» վերաբերյալ բանաձևում նշվում է, որ «300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից (Բաքվի և Սումգայիթի ջարդերը (massacres)), ծայրահեղ աղքատության մեջ են և անհապաղ օգնության կարիք ունեն»:

1990թ. մայիսի 14-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում Բաքվի հայկական ջարդերին անդրադարձել և այն «պոգրոմ» է անվանել նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Վինիֆրեդ Էվինգը: Նա մասնավորապես նշել է [6], որ Ադրբեջանի Բաքու քաղաքում «իսլամական վերածնունդը և հայերի դեմ ջարդերը հրեաներին ստիպել են լքել [երկիրը]»: Այստեղ, մասնավորապես, ուշագրավ է «իսլամական վերածնունդ» ձևակերպումը, որը ևս, ի թիվս վերը նշված և այլ գործոնների, հանգեցրել է Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների դեմ ճնշումների: Նկատենք, որ 1990թ. հունվարի 13-ին Բաքվի Լենինի հրապարակում «Ժողովրդական ճակատ»-ի կազմակերպած ցույցում [7] Ա. Էլչիբեյի հետ միևնույն հարթակից ելույթ է ունենում նաև մի կրոնական գործիչ, որը խոսում է, մասնավորապես, «մուսուլման բնակչության դեմ իրականացված ճնշումներից», հայտարարում, որ «բոլոր մուսուլման երկրները Ադրբեջանի կողքին են», բացասական հայտարարություններ հնչեցնում քրիստոնյաների հասցեին: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի բնակիչների զգալի հատվածը, այդ թվում՝ հայերը, կազմում էին քրիստոնյա բնակչությունը, նմանատիպ հայտարարությունները ևս կարող էին հրահրել Ադրբեջանի իսլամադավան բնակչությանը բռնի գործողությունների դիմել այլ դավանանքի ներկայացուցիչների, մասնավորապես, քրիստոնյաների նկատմամբ:

ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի տնօրենի հայտարարությունը

Ադրբեջանի տարածքում հայերի դեմ կազմակերպված ջարդերին և բռնություններին անդրադարձել են նաև մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ: Բացի այդ, 2002թ. փետրվարին ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսի արդարադատության հանձնաժողովում թեմային ծավալուն անդրադարձ է կատարել [8] ԱՄՆ փախստականների հանձնաժողովի տնօրեն Բիլ Ֆրելիքը: Նա մասնավորապես անդրադարձել է Մոսկվայում ապրող, Ադրբեջանից գաղթած հայ փախստականներին: Նշվում է, որ 2000թ. դեկտեմբերին Մոսկվայում եղել է նշված խմբին պատկանող մինչև 2000 հայ փախստական, որոնք Բաքվից տարհանվել են 1990թ. հակահայկական ջարդերի հետևանքով: Ֆրելիքը նաև նշել է, որ Ադրբեջանից շուրջ 200 հազար հայ փախել է Հայաստան, և միայն հետո են խորհրդային զորքերը Մոսկվա տարհանել համեմատաբար ավելի քիչ թվով հայերի: Նա քննության է առել Մոսկվա տարհանված հայերի կարգավիճակը, նրանց խնդիրները, խոսել այն սոցիալական ծանր պայմաններից, որում նրանք հայտնվել են ջարդերի հետևանքով: Հարկ է ավելացնել, որ բազմաթիվ հայեր Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերի, Ադրբեջանի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումների հետևանքով ապաստան են գտել նաև այլ երկրներում: Այդ թվում՝ ավելի քան 55 հազար հայ ապաստան է գտել Միացյալ Նահանգներում [9]:

Նշված հայտարարությունների, փաստաթղթերի մեծ մասում Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ իրականացված բռնությունները, սպանությունները անվանում են «պոգրոմ»: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի [10]՝ «pogrom-ը կրոնական, ռասայական կամ էթնիկական փոքրամասնությանը պատկանող անձանց կամ գույքի վրա ամբոխի հարձակումն է, որը թույլատրվել կամ իրականացվել է իշխանությունների թողտվությամբ»:

Թեև նշված եզրույթը ավանդաբար կիրառվում է հրեաների հանդեպ իրականացված ջարդերը նկարագրելու համար, սակայն երբեմն կիրառվել է նաև այլ նմանատիպ գործողությունները նկարագրելու նպատակով: Մասնավորապես, pogrom է անվանվում նաև 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում հույների դեմ իրականացված ջարդը [11]: Հաշվի առնելով այն փաստը, որ բառի ծանրաբեռնվածությունը ենթադրում է նաև «ջարդերը իշխանությունների կողմից թույլատրելու կամ վերջիններիս թողտվությամբ իրականացնելու» իմաստ, չի բացառվում, որ Եվրոպական Խորհրդարանի բանաձևերը ևս արձանագրում են այդ փաստը:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ միայն Եվրոպայի Խորհրդարանի նշված երեք բանաձևերը արդեն իսկ ի ցույց են դնում այն իրողությունը, որ հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: 1988թ. Սումգայիթի ջարդերը և դրան Խորհրդային Ադրբեջանի այլ տարածքներում ևս հայերի հանդեպ հաջորդած բռնությունները հստակ քաղաքական և իրավական գնահատական չստանալու պատճառով հնարավորություն ստեղծեցին հայերի հանդեպ նոր բռնությունների և ջարդերի իրականացման համար: Անպատժելիության մթնոլորտը իր գագաթնակետին հասավ 1990թ. հունվարին, երբ Բաքվում սպանվեցին բազմաթիվ հայեր, շատերը մահացան հարկադրված գաղթի ճանապարհին: 1990թ-ից հետո ևս հայերի հանդեպ բռնությունները և ճնշումները շարունակվեցին՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի գրեթե ամբողջական հայաթափում: Նշվածները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային կառույցների և պետությունների կողմից Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված ջարդերին համապատասխան գնահատական չտալը կարող են հանգեցնել հետագայում ևս նմանատիպ գործողությունների իրականացման:

Տարոն Հովհաննիսյան

Հղումներ

1.ГЕНОЦИД ДЛИНОЮ В ВЕК, Бакинская трагедия в свидетельствах очевидцев.- Ер.: Центр общественных связей и информации аппарата президента РА, 2016, книга первая, с. 2.

2.Official Journal of the European Communities, 19.02.1990, No C 38/82, Resolution on the situation in Armenia,

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:C:1990:038:FULL&from=EN 

3.Official Journal of the European Communities, 07.07.1988, No C 235/106, Resolution on the situation in Armenia,

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:JOC_1988_235_R_0080_01&from=EN 

4.ГЕНОЦИД ДЛИНОЮ В ВЕК, Бакинская трагедия в свидетельствах очевидцев.- Ер.: Центр общественных связей и информации аппарата президента РА, 2016, книга первая. Տես նաև՝ Л.М. Шахназарян, ВОЕННЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ АЗЕРБАЙДЖАНА ПРОТИВ МИРНОГО НАСЕЛЕНИЯ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ, Ереван-2016:

5.Official Journal of the European Communities, 14.03.1991, NoC 106/121, Resolution on the blockade of armenia and the human rights situation there,

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:JOC_1991_106_R_0102_01&qid=1547723161105&from=EN 

6.Official Journal of the European Communities, No C 246/25, WRITTEN QUESTION No 1134/90 by Mrs Winifred Ewing,

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:JOC_1990_246_R_0001_01&qid=1547713121280&from=EN 

7.Qanlı 20 yanvar hadisəsindən bir həftə öncə...., https:/youtu.be/Altvr5pL03E   

8.Frelick Bill, 2002, The U.S. Refugee Admissions Program: Starting Over, Testimony of Mr. Bill Frelick, Subcommittee on Immigration, Senate Judiciary Committee, February 12. United States Senate Committee on the Judiciary, Hearing and Meeting, https://www.judiciary.senate.gov/imo/media/doc/frelick_testimony_02_12_02.pdf 

9.ГЕНОЦИД ДЛИНОЮ В ВЕК, Бакинская трагедия в свидетельствах очевидцев.- Ер.: Центр общественных связей и информации аппарата президента РА, 2016, книга первая, с. 2.

10.Encyclopedia Britannica, Pogrom, Mob attack, https://www.britannica.com/topic/pogrom 

11.A. de Zayas, The Istanbul Pogrom of 6–7 September 1955 in the Light of International Law, Genocide Studies and Prevention: An International Journal, IAGS-2007.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]