Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը լավ հիմք կլինի ապագայում հակամարտության վերջնական հանգուցալուծման համար. քաղաքագետ
5 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրում առկա 17 կետերի փոխհամաձայնեցման հանգամանքը վկայում է այն մասին, որ թեև Ադրբեջանը մինչ այժմ չի ստորագրել փաստաթուղթը և դեռ խոսում է որոշակի նախապայմանների լեզվով, բայցևայնպես խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ այլևս առարկություններ չկան, և կողմերն ընդունել են փոխզիջումային տեքստ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Էդգար Վարդանյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցված լինելու իրողությանը և դրանից բխող հնարավոր զարգացումներին։
«Գործընթացը փաստում է նաև, որ կան նախադրյալներ ապագայում կայուն խաղաղության հաստատման համար։ Հիմնական գաղափարն այն է, որ դրանով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չունեն փոխադարձ պահանջներ՝ համարելով, որ այլևս չկա հիմնարար կոնֆլիկտ։ Դա ենթադրում է, որ ապագայում պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և առևտրատնտեսական կապեր»,- ասաց Վարդանյանը։
Այդուհանդերձ, նա հավելեց, որ պայմանագրի բովանդակության փոխհամաձայնեցումն ինքնին դեռ չի նշանակում, որ հենց այս փուլում կայուն և խորքային խաղաղություն է հաստատվելու, որովհետև դա ավելի շատ ապագայի խնդիր է, բայց եթե պայմանագիրը կնքվի, ապա լավ հիմք կառաջանա և լավ ելակետ կլինի, որ ապագայում հակամարտությունը վերջնականապես հանգուցալուծվի։
«Ցավոք, մենք այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ որևէ պայմանագրային կետ չի կարող կանխել որևէ ագրեսիա, եթե նման բան իրականացնելու ցանկություն լինի որևէ մեկի մոտ, կոնկրետ դեպքում՝ Ադրբեջանի մոտ, հետևաբար պետք է այնպես անենք, որ չլինի ագրեսիա իրականացնելու որևէ մոտիվացիա, և Ադրբեջանը մշտապես գիտակցի, որ ագրեսիայի դեպքում ինքը չափազանց թանկ գին է վճարելու։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու պարագայում կարող է շահել կրկնակի անգամ, որ խաղաղությունն ի վերջո կնպաստի բարգավաճմանը։ Երբ Ադրբեջանում լինի այդ խորքային համոզմունքը, ապա հենց դա էլ կլինի ագրեսիան կանխելու զսպող հանգամանքը»,- նշեց մեր զրուցակիցը։
Վարդանյանի դիտարկմամբ՝ պետությունները, բնականաբար, կկորցնեն ավելի շատ, եթե պատերազմեն, և կրկնակի կշահեն, եթե խաղաղ գոյակցություն ապահովեն ու նպաստեն համապարփակ խաղաղության հաստատմանը։ Պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանն, այդուհանդերձ, ինչու՞ պայմանագիրը ստորագրելու պատրաստակամություն չի ցուցաբերում՝ քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանը դեռ մտորում է՝ ելնելով որոշակի հաշվարկներից։
«Բաքվում մտածում են, թե ինչ են շահելու պայմանագիրը ստորագրելու դեպքում։ Ադրբեջանը ձգձգում է ժամանակը, որպեսզի խաղաղության պայմանագրի տակ իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառի։ Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը տակավին ակնկալիքներ ունի միջազգային խաղացողներից՝ կարծելով, որ վերջիններս իրեն կներգրավեն տարատեսակ տարածաշրջանային նախագծերի մեջ, մեծ ներդրումներ կկատարեն Ադրբեջանում, առևտրատնտեսական հարաբերությունները կհասցնեն ավելի բարձր մակարդակի, ավելի մեղմ կվերաբերվեն ներադրբեջանական խնդիրներին և քիչ կքննադատեն Ադրբեջանի ղեկավարությանը»,-պարզաբանեց Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանում կարծում են, որ վերոհիշյալ դիվիդենտների հարցում երաշխիքներ ստանալու դեպքում իրենք նոր շահագրգռված կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Անդրադառնալով նաև այն հարցին, թե միջազգային հանրության կողմից վերջին օրերին հնչած ողջույնի խոսքերն ու այն մեսիջը, թե Ադրբեջանը չպետք է ձեռքից բաց թողնի պատմական առիթը, կարո՞ղ են ի վերջո Ադրբեջանին դրդել, որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Վարդանյանն ասաց, որ միայն հայտարարությունները բավարար չեն։
«Եթե տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից հնչող հայտարարությունները զուգակցվեն կոնկրետ առաջարկներով, որոնք կշահագրգռեն Ադրբեջանին, այդ դեպքում պաշտոնական Բաքուն կստորագրի պայմանագիրը։ Կա նաև այլ տարբերակ։ Եթե համառելու և ապակառուցողական քաղաքականություն վարելու դեպքում Ադրբեջանը տեսնի, որ կարող է կանգնել լուրջ խնդիրների առջև ու ենթարկվել պատժամիջոցների, այդ դեպքում նույնպես կստորագրի խաղաղության պայմանագիրը և հետ կկանգնի նախապես մշակված ագրեսիայի սցենարից, եթե այպիսին իսկապես կա»,- եզրափակեց քաղաքագետը։