ԱՄՆ-ն փորձում է բանակցային գործընթացում դիվիդենտներ շահել և՛ Ուկրաինայից, և՛ Ռուսաստանից․ քաղաքագետի վերլուծությունը
6 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ԱՄՆ-ն բավականին հետաքրքիր խաղ է խաղում, որի ամբողջ իմաստն այն է, որպեսզի Ռուսաստանն ու Ուկրաինան գան որոշակի համաձայնությունների՝ նախևառաջ ի շահ Միացյալ Նահանգների։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Ղևոնդյանն անդրադարձավ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ամերիկյան և ուկրաինական կողմերի միջև կայացած բանակցություններին։
«Խնդիրն այն չէ, թե ինչպես կավարտվի պատերազմը կամ ով ինչ կշահի, այլ այն, որ Դոնալդ Թրամփը փաստացի փակում է Ռուսաստանի՝ գերտերություն դառնալու ճանապարհը, մինչդեռ ՌԴ-ն կարող է գերտերություն դառնալ մի դեպքում, եթե ամբողջությամբ կլանի Ուկրաինան, իսկ հետո կարողանա նույն մոտեցումը ցուցաբերել նախկին Խորհրդային միության մյուս տարբեր հատվածների նկատմամբ։ Նույնիսկ եթե Ուկրաինան ինչ-որ բան զիջում է Ռուսաստանին, այնուամենայնիվ, վերջինս չի կարող այլևս իրականացնել իր գերնպատակը»,- ասաց Ղևոնդյանը։
Նրա դիտարկմամբ՝ մյուս կողմից էլ Ուկրաինան այլևս չպետք է իր անվտանգության, պաշտպանության և այլ հարցերով դիմի Միացյալ Նահանգներին, այլ համագործակցի Եվրոպայի հետ։ Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ն այս պահին ձգտում է, որպեսզի հաստատվի 30-օրյա հրադադար, և դրան հասնի նախևառաջ ՌԴ-ի հաշվին, որովհետև Ուկրաինան արդեն տվել է իր համաձայնությունը փաստացի ոչ մի բանի դիմաց, հետևաբար ստացվում է, որ Ռուսաստանն էլ պետք վարվի նույն կերպ։
«Ընդամենը մեկմեկու վրա չկրակելն ու հետագայում խնդիրներ կամ պահանջներ քննարկելն այն է, ինչ ներկա պահին ցանկանում է Միացյալ Նահանգները։ Ապագայում կտեսնենք, թե Թրամփի քայլն ինչ արդյունք կտա և ինչպես նրա առաջարկներին կարձագանքի ռուսական կողմը։ Ամեն դեպքում Թրամփն առաջնորդվում է այն սկզբունքով, որ Միացյալ Նահանգներն անպայման պետք է ինչ-որ բան ստանա տվյալ գործընթացից։ Դա կարող է լինել ուկրաինական հանածոներին առնչվող համաձայնագիրը։ Ելակետն այն է, որ ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնելը պետք է լինի նյութականացված, այսինքն՝ Վաշինգտոնի համար կարող են բացվել մեծ հնարավորություններ թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ոչ վաղ անցյալում կայացած Թրամփ-Զելենսկի աղմկահարույց բանավեճին, ապա Ղևոնդյանն ընդգծեց, որ դրանից հետո աստիճանաբար պարզ դարձավ, որ դա ԱՄՆ-ի նախագահի կողմից իրականացվող մեծ խաղի մի դրվագն էր, իսկ ամբողջ տրամաբանությունն այն է, որպեսզի տվյալ հարցում Ուկրաինայի հետ գան որոշակի համաձայնության՝ սպասելով ՌԴ-ի արձագանքին։
«Ռուսաստանը փաստացի կորցնում է երկու դեպքում էլ։ Եթե տա իր համաձայնությունը՝ դրա դիմաց չստանալով որևէ բան, ապա միայն կդադարեն մարտական գործողությունները, եթե չտա իր համաձայնությունը, ապա ամբողջ աշխարհի կողմից կարող է մեղադրվել ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու համար։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն շահում է ցանկացած պարագայում, ընդ որում շահում է և՛ Ուկրաինայից, և՛ Ռուսաստանից»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև ծագած տարաձայնություններին և որոշ դեպքերում իրար հակասող մարտավարական մոտեցումներին՝ Ղևոնդյանը շեշտեց, որ չի կիսում այն տեսակետը, թե Միացյալ Նահանգները գնում է հանգուցալուծման, իսկ Եվրոպան ցանկանում է, որպեսզի պատերազմը շարունակվի։
«Այստեղ տեղի է ունենում բոլորովին այլ բան։ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Ուկրաինայի հարցում անվտանգության հետ կապված հարցերն իր վրա չդրվեն, և գտնում է, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի այդ հարցերն իր վրա վերցնի Եվրոպան, քանի որ ուկրաինական խնդիրն առաջնահերթություն է Եվրոպայի, քան թե ԱՄՆ-ի համար։ Եվրոպան մտահոգված է, քանզի նրա սեփական անվտանգային համակարգը դեռ պատրաստ չէ նման ծանր բեռ վերցնել իր ուսերին, բայցևայնպես Եվրոպան գնում է նաև այդ հարցը լուծելու ճանապարհով, որպեսզի ունենա ինքնաբավ համակարգ և հետագայում այն օգտագործի իր սահմաններից դուրս։ Ընդ որում՝ Եվրոպա ասելով նկատի չունենք միայն ԵՄ-ին, այլև Մեծ Բրիտանիային, որը թեև Եվրամիության կազմում չէ, սակայն այս գործընթացում հանդես է գալիս որպես միասնական Եվրոպայի ներկայացուցիչ»,- ասաց Ղևոնդյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ԱՄՆ-ի ու Եվրոպայի փոխհարաբերություններն այնքան էլ փոխբացառող չեն, ավելի ճիշտ՝ դերերի բաշխման տրամաբանության մեջ են, որովհետև կողմերից յուրաքանչյուրը փորձում է ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով ավելի շատ բան ստանալ։
Մարտի 11-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Դրանց արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի և Վաշինգտոնի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման։ Դրա դիմաց ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերսկսում է ռազմական օգնության մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային: