Ադրբեջանն ապատեղեկատվություն տարածելու միջոցով ցանկանում է պահպանել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հարց լուծելու հնարավորությունը․ Պետրոսյան
6 րոպեի ընթերցում

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ նախորդ օրերին սահմանային լարվածության վերաբերյալ ադրբեջանական կողմից տարածված ապատեղեկատվությունն իրավիճակային առումով պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի փոխհամաձայնեցման գործընթացի ավարտի և հատկապես դրա հետ կապված միջազգային ակտիվ անդրադարձների հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն անդրադարձավ ադրբեջանական կողմի մարտավարությանն ու նպատակներին։ Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք կեղծ հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
«Երկկողմ բանակցային գործընթացում խաղաղության պայմանագրի տեքստում առկա բոլոր 17 կետերի փոխահամաձայնեցումը փաստացի արձանագրված իրողություն է, և միջազգային հանրության ուշադրության սևեռումն այս ձեռքբերման վրա, որը մեծապես իրականացել է հայկական կողմի նախաձեռնությամբ և դիվանագիտական ջանքերի արդյունքում, ևս մեկ աստիճանով բարձրացնում է անվտանգության մակարդակը մեր տարածաշրջանում։ Դրանով իսկ արձանագրվում է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները ռազմական եղանակով լուծելու հնարավորությունն ի չիք է դառնում»,- ասաց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ քանի որ ադրբեջանական կողմը մշտապես ձգտում է դեռ իր օրակարգում պահել բոլոր այն գործիքները, որոնք նախորդիվ օգտագործվել են ՀՀ-ի դեմ, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հնարավորությունը, Ադրբեջանը նման ապատեղեկատվության տարածմամբ փաստորեն տեղեկատվական ու քաղաքական ֆոն է ստեղծում առ այն, որ մեր տարածաշրջանն, այնուամենայնիվ, դեռ հեռու է խաղաղությունից, և Հայաստանն իբր չի ցանկանում խաղաղություն։
«Մի կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունն է, մյուս կողմից ադրբեջանական մեդիայի չդադարող հրապարակումներն են այն մասին, թե Հայաստանը շարունակում է պատրաստվել նոր պատերազմի, անգամ նշվում են պայմանական ժամկետներ։ Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական տեղեկատվությունը հերքել են նաև սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ այդուհանդերձ, Ադրբեջանի խնդիրը, որքան էլ դա այս պահին չափազանց բարդ է, ուժի և ուժի սպառնալիքի գործադրման օրակարգը պահպանելն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի պնդմամբ՝ ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ հայտնվել են բավականաչափ բարդ իրավիճակում, քանի որ ՀՀ-ն դրսևորում է առավելագույն կառուցողականություն բանակցային գործընթացում, կողմերը գնում են աստիճանական պայմանավորվածությունների ճանապարհով։ Դրան գումարած՝ ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանին է և անընդհատ արձագանքում է սահմանային լարվածության վերաբերյալ ցանկացած տեղեկատվության կամ ապատեղեկատվության։ Հատկապես վերջին օրերին միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք առնչվում են խաղաղության պայմանագրի բովանդակությանը։
«Բավականաչափ մեծացել է Ադրբեջանի պարագայում ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի միջոցով հարց լուծելու հնարավորությունը, հետևաբար Բաքուն այլ գործիք չունի, քան մշտապես փորձարկված մարտավարական քայլը կրկնելը։ Հենց այդ պատճառով էլ վերլուծական դաշտում և համացանցում պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածումը եզակի հնարավորություններից է։ Հատկանշական է, որ նույն ապատեղեկատվությունը տարածում են նաև թուրքական լրատվամիջոցները։ Այսինքն՝ երկու երկրների լրատվադաշտերում քարոզչամեքենաները տարածում են միանման ապատեղեկատվություն, որով ցանկանում են ցույց տալ, որ Հարավային Կովկասում խնդիրները դեռ լիովին լուծված չեն, և պահպանվում է ռազմական էսկալացիայի հնարավորությունը»,- պարզաբանեց քաղաքական վերլուծաբանը։
Պետրոսյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն իր գործելակերպով ձգտում է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ խնդիր լուծել, որպեսզի իր զինանոցում պահպանվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործիքը։
«Նպատակն այս պահին ոչ թե էսկալացիայի գնալու հիմքեր ստեղծելն է, այլ այն միջավայրի ձևավորումը, թե մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հնարավորությունն առկա է, ինչն ավելի երկարաժամկետ նպատակ է հետապնդում»,- ասաց Պետրոսյանը։
Նա վկայակոչեց այն օրինակը, երբ 2024 թվականի ապրիլին կողմերը պայմանավորվեցին սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին և ստորագրեցին փաստաթուղթ, որով ամրագրվեց, որ գործընթացը տեղի է ունենալու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դարձյալ միջազգային դերակատարները ողջունեցին գործընթացը, թեև Ադրբեջանը այդ ժամանակ նույնպես դրսևորում էր նույն վարքագիծը՝ թուլ չտալով, որպեսզի ամրագրվի այն հանգամանքը, որ վիճահարույց խնդիրները կարող են լուծվել խաղաղ ճանապարհով։
«Այն ժամանակ ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված ապատեղեկատվությունն ուղղված էր իրավիճակն արհեստականորեն լարելուն և իրենց ձեռնտու օրակարգը պահպանելուն։ Այս պահին Ադրբեջանի համար առաջնային կարևորությունը բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելն է։ Ստեղծված իրավիճակում պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման կարևոր հանգամանքը, քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում գնալ փոխզիջման՝ պահպանելով ուժի կիրառման տարբերակն ու նման կերպ իրեն ձեռնտու օրակարգն առաջ տանելու հեռանկարը»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։