Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը

Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյանն 
արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությանը:

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պարոն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Հայաստանը վերահաստատում է իր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ  մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով  Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը:

Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»,- ասել է Աննա Նաղդալյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am