Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժին նվիրված նամականիշ
ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի շենքում, դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ, «Հայփոստ» ՓԲԸ կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժին: Նամականիշը մարեցին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Հայփոստ» ՓԲԸ- ն Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
«Թեև նամականիշի վրա պատկերված են փլված շենքեր, սակայն ավելի շատ նպատակ կար ներկայացնելու փրկված մարդկանց, փրկարարներին, և վերածնվող քաղաքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նամականիշի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք:
Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով:
Նամականիշի վրա պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տեսարաններ, ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրիում անկախության հրապարակի ժամացույցը, որի վրա դրոշմվել է երկրաշարժի ժամը:
«Հայփոստ» ՓԲԸ կողմից երկրաշարժին նվիրված ևս մեկ նամականիշ մարվել էր 1998 թվականին՝ նվիրված երկրաշարժի 10-րդ տարելիցին: Նամականիշի հեղինակը Հարություն Սամուելյանն էր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում