Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բրոնզեդարյան նոր ցուցանմուշներ, կերպարվեստի գործեր. բացվելու է «Երևան. Բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագրով ցուցահանդես

Բրոնզեդարյան նոր ցուցանմուշներ, կերպարվեստի գործեր. բացվելու է «Երևան. Բրոնզի 
դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագրով ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2800 ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի պատմության թանգարանում հոկտեմբերի 23-ին մեկնարկելու է եռօրյա գիտաժողով: Այն անցկացվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի, ԵՊՀ-ի հետ համատեղ: Նախատեսված է, որ բացմանը ելույթ է ունենալու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ԳԱԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն  Աշոտ Մելքոնյանը:  Զեկույցների առանցքում Երևանի տնտեսությունն է, գիտությունը, մշակույթը, պատմությունը: Գիտաժողովին ներկայացված է լինելու 30 զեկույց:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, այդ օրերին թանգարանում բացվելու է երկու մասից բաղկացած բավական հետաքրքիր ցուցահանդես: Այն կրում է «Երևան. Բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագիրը:

«Ներկայացվելու են թանգարանի բրոնզի դարի հավաքածուները, որոնք հայտնաբերվել են Երևանի և Հայաստանի այլ տարածքներից: Հավաքածուների ներկայացման խորհուրդն այն է, որ բրոնզի դարն ամբողջ Հայաստանում քաղաքակրթության մի ժամանակաշրջան է եղել, որտեղ Երևանն ունեցել է իր կարևոր դերակատարությունը: Ի դեպ, բոլոր ցուցանմուշները վերջին տարիներին պեղումներից հայտնաբերված են, որոնք առաջին անգամ են ներկայացվելու հանրությանը»,-ասաց Արմինե Սարգսյանը:

Ցուցահանդեսի երկրորդ թեման վարդագույն տուֆի մայրաքաղաքն է: Թանգարանի կերպարվեստի հավաքածուի գործերով կներկայացվի, թե ինչպես է կառուցվել վարդագույն տուֆի Երևանը: Արմինե Սարգսյանը տեղեկացրեց, որ կերպարվեստի գործերը նույնպես առաջին անգամն են ներկայացվում հանրությանը: Ցուցահանդեսը գործելու է մինչև տարեվերջ:

Արմինե Սարգսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ին Երևանի պատմության թանգարանը բաց կլինի ժամը 11:00-ից մինչև 19:00-ն: Այդ օրը թանգարանի մուտքն անվճար է:

Երևանի պատմության թանգարանում պահվում է շուրջ  97 հազար ցուցանմուշ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]