Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը խորը կսկիծով տեղեկացավ սիրելի գործընկերոջ՝ Սահակ Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Այն մեծ կորուստ է բոլորիս համար, ուստի ցանկանում ենք մեր խորին վշտակցությունը հայտնել բոլորի կողմից հարգված մարդու, բազմավաստակ և մեծ պրոֆեսիոնալի անդառնալի հեռացումի կապակցությամբ:
Լինելով իր մասնագիտության և ընկերության նվիրյալը՝ նա վաստակել է իրեն բոլոր ճանաչողների սերն ու ակնածանքը: Այդ լուսավոր անհատի բարի հիշատակը կուղեկցի մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում: Անկեղծորեն կիսում ենք Ձեր վիշտը և մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր գործընկերոջ հարազատներին և մտերիմներին»,-նշված է ցավակցական հեռագրում:
ՀՀ գլխավոր դատախազը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Սահակ Կարապետյանի հուղարկավորությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում