«Ելման կետ». մեկ տասնամյակ շարունակ ուռճացված աշխատավարձերը Հայաստանում խորացրել են աղքատության մակարդակը
5 րոպեի ընթերցում

Վերջին տասնամյակում Հայաստանում անվանական աշխատավարձը հսկայական աճ է գրանցել, մինչդեռ գնաճով ճգրտված աշխատավաձը չնչին փոփոխության է ենթարկվել։ 2017-ին 2007-ի համեմատ անվանական աշխատավարձն աճել է 168%-ով՝ կազմելով 195,074 ՀՀ դրամ, իսկ գնաճով ճշգրտված աշխատավարձն աճել է ընդամենը 27%-ով՝ մոտ 20,000 ՀՀ դրամով։ Անվանական և գնաճով ճգրտված աշխատավարձի միջև ճեղքը բավականին մեծ է, ինչը վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում անվանական աշխատավարձն աճել է առաջանցիկ տեմպերով՝ չնչին կերպով բարելավելով վարձու աշխատողի կյանքի որակը:
2013թ.-ից սկսած անվանական աշխատավարձը կտրուկ աճ է գրանցել, ինչը պայմանավորված է եղել «Եկամտային հարկի» մասին օրենքին համապատասխան անվանական աշխատավարձի հաշվարկի մեթոդաբանության մեջ կատարված փոփոխությամբ։ Ըստ այդմ՝ անվանական աշխատավարձի մեջ ներառվել են նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն, ինչն էլ ավելի է ուռճացրել այս ցուցանիշը։
2008 - 2016թթ.-ին աղքատության մակարդակը միջինում կազմել է 31.5%: 2016 թ.-ին ՀՀ բնակչության թվի մեջ աղքատների թիվը 2008թ-ի համեմատ աճել է մոտ 16%-ով, մինչդեռ բնակչության թիվը նույն ժամանակաշրջանում նվազել է 3.5%-ով։ 2016թ.-ին բնակչության մոտ 30 %-ը՝ 880 հազար մարդ, համարվել է աղքատ, այդ թվում՝
- 585 հազար մարդ՝ ուղղակի աղքատ, որոնց սպառումը եղել է 33,418 ՀՀ դրամից 40,867 (աղքատության վերին գիծ) ՀՀ դրամի միջակայքում։
- 295 հազար մարդ՝ շատ աղքատ և ծայրահեղ աղքատ. նրանց սպառումը եղել է 23,313 ՀՀ դրամից 33,418 ՀՀ դրամի միջակայքում։
Աղքատության հաղթահարման ուղիներից մեկը զբաղվածության մակարդակի բարձրացումն է, մինչդեռ ՀՀ-ում վերջին տասնամյակում նկատվել է ոչ թե զբաղվածության, այլև գործազրկության մակարդակի աճ. 2008 - 2017թթ.-ին գործազրկության մակարդակը միջինում կազմել է 17.8%: Վերջին 10 տարիներին գործազրկության մակարդակի միտումը միանշանակ չի եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գալ որևէ եզրահանգման՝ դիտարկելով միայն այդ ցուցանիշը։ Այսպիսով, անհրաժեշտ է գործազրկության մակարդակի հետ համատեղ դիտարկել նաև տնտեսապես ակտիվ բնակչության (գործազուրկներ և զբաղվածներ) ցուցանիշը.
- 2008-2017թթ.-ի ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը պարբերաբար նվազել է, ինչի միջին տեմպը կազմել է -2.2%, իսկ գործազուրկների թվի աճի տեմպը՝7%:
- 2017թ.-ին վերջին տնտեսապես ակտիվ բնակչության և գործազրկության ցուցանիշները 2008թ.-ի համեմատ նվազել են համապատասխանաբար մոտ 184 հազար և 13 հազար մարդով, իսկ գործազրկության մակարդակն աճել է4 տոկոսային կետով։
Վիճակագրությունը հուշում է, որ վերջին տասնամյակում գործազուրկների թվաքանակի նվազումը պայմանավորված է եղել ոչ թե գործազուրկներին աշխատանքի տեղավորմամբ, այլ նրանց արտագաղթով՝ նրանք հեռացել են հանրապետությունից այլ երկրներում աշխատանք գտնելու նպատակով: Այս ընթացքում նվազել է ոչ միայն գործազուրկների, այլ նաև զբաղվածների թվաքանակը՝ 171 հազարով։ Զբաղվածների թվի նվազման պատճառներից մեկը ոչ ճկուն «մաքուր» աշխատավարձն է, ինչը նույնպես արտագաղթի խթանման նախապայման է հանդիսացել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած ներառական տնտեսական աճն, ըստ էության, պետք է միտված լինի տարիներ շարունակ կուտակված և խորացած այս խնդիրների լուծմանը: Տնտեսական աճը պետք է դրսևորվի ոչ թե միայն թվային արտահայտությամբ, այլ այն պետք է դրականորեն ազդի բնակչության իրական եկամուտների և կյանքի որակի բարելավման վրա:
Ինգա Ղալայան