Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, թեև առանց ձևաչափի հստակեցման, միևնույն ժամանակ պաշտոնաթող նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Այս հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանն արել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարցին՝ քաղաքականություն վերադառնալո՞ւ է որպես անհատ, թե փորձելու է քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այդ վերադարձը կարող է լինել տարբեր ձևաչափերով»: Նրա խոսքով՝ դա պայմանավորած է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով: «Նայեք՝ ո՞ւր է Հայաստանը, և ինչ երկրներով ենք շրջապատված, նաև՝ մեր հարաբերություններին այդ երկրների հետ»,- ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ նույնպես, իսկ Թուրքիան ընդհանարապես ագրեսիվ կեցվածք է ընդունել:

ՀՀ երկրորդ նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Իր կարծիքով՝ փաստաբանների թիմը «ջախջախել» է մեղադրանքը, որն, ըստ Քոչարյանի, կառուցված է կեղծ եզրակացությունների վրա: «Օրենքը ենթադրում է, որ սա նախաքննական գաղտնիք է, և իրավունք չունես բարձրաձայնել շատ դրվագների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը՝ հավելելով. «Մենք դիմում ենք բոլորին պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ՝ հանել նախաքննության գաղտնիքը և հնարավորություն տալ պաշտպանող կողմին խոսել ամեն ինչի մասին»:

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինչ իրավիճակում է ստիպված եղել արտակարգ դրություն մտցնելու հրաման ստորագրել: Նա նշեց, որ արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն զոհ կար. «Ոստիկանության կապիտան էր զոհվել, և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, իսկ ներքին զորքերի վրա արդեն հարձակվում էին տարբեր պարագաներով: Սա է վիճակը, և արտակարգ դրություն չհայտարարելը այսօր կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պատմությունն իրեն կմեղադրեր անգործության համար: Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ 2008թ. մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարը և անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում ցուցարարների հետ չի ունեցել: «Այն փաստը, որ որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայում է նրա մասին, որ բախում չի եղել»,- շեշտեց Քոչարյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]