1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն առաջին հորիզոնականում է. հայ գրականություն. մայիս, 2018

«Երևանյան բեսթսելեր». «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն առաջին 
հորիզոնականում է. հայ գրականություն. մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը փոխում է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի մեթոդաբանությունը: Հրատարակչությունների հետ քննարկման արդյունքում այսուհետև մենք վարկանիշային աղյուսակը կկազմենք ամսական վաճառքի տվյալներով: Ամսվա յուրաքանչյուր առաջին ուրբաթ օրը ձեզ կներկայացնենք հայ գրողների գեղարվեստական, երկրորդ ուրբաթ օրը՝ թարգմանական ստեղծագործությունների, երրորդ ուրբաթ օրը՝ մանկական գրքերի, իսկ չորրորդ ուրբաթ օրը՝ փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակները: Տասնյակները կկազմվեն նախորդ ամսվա վաճառքների տվյալների հիման վրա: Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն առաջին հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Վազգեն Սարգսյանի մահվանից շուրջ 20 տարի անց հրատարակվել է նրա «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Այն երկրորդ տեղում է: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» տասնյակի երրորդ հորիզոնականում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Չորրորդ տեղն է զբաղեցրել Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը: Այն պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են… շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը:

Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

Վեցերորդ հորիզոնականում Համո Սահյանի  «Ընտրանի» գիրքն է, որում զետեղվել են մեծ բանաստեղծի տարբեր ժողովածուներից լավագույն ստեղծագործությունները:

Վանո Սիրադեղյանի «Երկիր ցպահանջ»-ը և Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը»-ը ամփոփող գիրքը յոթերորդ հորիզոնականում է: «Երկիր ցպահանջում» ընդգրկված են Սիրադեղյանի երեք պատմվածքները, ինչպես նաև հրապարակախոսական գործեր:  

Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպն ութերորդն է: Այն ներկայացնում է բուն և ցանկալի իրականությունը և երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը, միևնույն ժամանակ, դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

«Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուն իններորդն է. այն մեկտեղում է Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքները, որոնք տպագրվել են Հայաստանի և արտասահմանյան գրական հանդեսներում ու թերթերում, արժանացել բազմաթիվ մրցանակների:

Լևոն Բարսեղյանի «Զամբո» գիրքը եզրափակում է աղյուսակը: Այստեղ ժողովված են հեղինակի 1992-2016 թվականների աշխատանքներից 30 պատմություն և «Քյապի դամեն» վիպակը: Գրքում տեղ են գտել հուշեր, հուշագրություններ, իրապատումներ, սիրապատումներ, պատմվածքներ:

Ցանկում այլևս տեղ չեն գտնելու նախկինում «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության որևէ մրցանակի արժանացած գրքերը՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիրքը նոր հրատարակություն է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 44
2 *

Վազգեն Սարգսյան

 «Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 27
3 *

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

հեղ.հրատ 20
4 *

Էդգար Կոստանդյան

«Սովորական երկիր»

հեղ.հրատ 20
5 *

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 12
6 *

Համո Սահյան 

«Ընտրանի»

Զանգակ 12
7 *

Վանո Սիրադեղյան

«Երկիր ցպահանջ» և

Ավետիս Հարությունյան

«Գյադաների ժամանակը»

Գասպրինտ 11
8 *

Գուրգեն Խանջյան

«Տուր ձեռքդ, պստլո»

Անտարես 10
9 *

Հրաչյա Սարիբեկյան

«Այնտեղ աչքերդ երբ բացես»

Անտարես 4
10 *

Լևոն Բարսեղյան

«Զամբո»

Անտարես 3

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]