Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան հեռանկարները» նվագախումբ ստեղծելու ծրագիր ունի. փառատոնը կնշի հիմնադրման 20-ամյակը  

«Երևանյան հեռանկարները» նվագախումբ ստեղծելու ծրագիր ունի. փառատոնը կնշի 
հիմնադրման 20-ամյակը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» երաժշտական  միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել, սակայն երաժշտական ինքնատիպ տոնի կազմակերպիչները արդեն իսկ պլանավորում են 20-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը: Արդեն երաժշտական ակադեմիա ունեն, հերթը հասել է սեփական նվագախումբ հիմնելուն: Ընդ որում՝ նվագախումբը համալրվելու է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը պատմում են ստեղծվելիք նվագախմբի, հոբելյանի և առաջիկա ծրագրերի մասին:

19-րդ համերգաշրջանի անակնկալները

Սոնա Հովհաննիսյան

Հունիսի 11-ին բավականին իրադարձային համերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մեր փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Հայաստան է ժամանելու Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ: Նա այն դիրիժորներից է, ովքեր լեգենդ են համարվում, ինչպես Զուբին Մեթան, Դանիել Բարենբոյմը, Վալերի Գերգիևը:

Սա պետական միջոցառում է: Այս տարի Էստոնիան, ինչպես և Հայաստանը, նշում է հանրապետության ստեղծման 100-ամյակը: Ծագումով էստոնացի Նեեմե Յարվին ամենանշանավոր նվագախմբերի հետ է աշխատում և այս համերգի համար ԱՄՆ-ից է ժամանելու:

19-րդ համերգաշրջանի հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 16-ին «Զվարթնոց» տաճարի տարածքում: «2018 թ. Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման մեկնարկը կազդարարվի «Հորտուս Մուզիկուսի» համերգով: Մենք հրավիրեցինք այս խումբը, որը քաջածանոթ է փառատոնին: Այն 44 տարի անընդմեջ ուսումնասիրել է Եվրոպայի մշակութային ժառանգությունը, և մեկ համերգային ծրագրում ներկայացնելու է այդ ամենը ճիշտ կատարմամբ, դարաշրջանի գործիքներով, հագուստներով: Նրանք հայերեն կատարում էլ կունենան:

Առաջիկայում տեղի կունենա նաև սոպրանո Լիանա Հարությունյանի առաջին համերգը Երևանում: Նա աշխարհի մեծագույն՝ «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն օպերա» և այլ թատրոններում է երգում, մեծ աստղ է, բայց Երևանում դեռ համերգ չի ունեցել:

Շատ գեղեցիկ անակնկալ ունենք, անհամբեր սպասում ենք Վիեննայի տղաների երգչախմբի վերադարձին:  Հոկտեմբերին կրկին համերգով հանդես կգան Հայաստանում: Սեպտեմբերին կամ հոկտեմբերին նախատեսված է Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի այցը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Ակադեմիան արդեն կա, հերթը նվագախմբինն է

Ստեփան Ռոստոմյան

Երբ փառատոնը 2000 թվականին հիմնվեց, մենք միանգամից ընտրեցինք ամենաբարձր նշաձողը: Որպես օրինակ պատկերացնում էի Էդինբուրգի փառատոնը, որն իսկական տոն էր: Մտածում էի, որ կարող ենք այս ամենը տեղափոխել Հայաստան: 20 տարի հետո պետք է ասեմ, որ անհավանական բան տեղի ունեցավ: Մենք Եվրամիության փառատոնային ասոցիացիայի անդամ ենք արդեն 11 տարի, և պետք է ասեմ, որ Էդինբուրգի փառատոնի հետ աշխարհի լավագույն 5 փառատոններից մեկն ենք համարվում: 

«Երևանյան հեռանկարները»  նախկինում կոչվում էր «21-ի հեռանկարներ»: Ես ամեն անգամ բարձրաձայնում էի, որ 21-րդ դարը հայերի դարն է լինելու, և հեռանկարում հայերը պետք է ցույց տան, որ իրենք աշխարհի ամենահզոր մշակույթն ունեցող ազգերից մեկն են, իսկ Երևանը պետք է դառնա մշակութային մայրաքաղաք: Դա այլևս իրականություն է, և պետք է ասեմ, որ փառատոնն արդեն մեր երկրի խորհրդանիշներից մեկն է:

Մենք ամեն տարի նոր բարձունք ենք հաղթահարում: Աշխարհի լավագույն փառատոններն ունեն ակադեմիաներ, ունեն սեփական նվագախմբեր: Մենք տարիներ առաջ բացեցինք Բյուրականի ակադեմիան, հիմա մտածում ենք նվագախմբի ստեղծման վերաբերյալ: Փառատոնը պետք է սեփական նվագախումբն ունենա:

Փառատոնի նվագախմբի անդամները պետք է ընտրվեն արտերկրից: Երիտասարդ երաժիշտները պետք է ընտրվեն բարդ մրցույթով, պետք է գան 2-3 ամիս ապրեն Հայաստանում, մի քանի համերգներից հետո շրջագայեն: Նվագախմբի կազմում պետք է լինեն ոչ միայն հայ կատարողներ, այլև աշխարհի տարբեր ազգերի լավագույն երաժիշտները:

Սոնա Հովհաննիսյան

Կարծում եմ, որ նվագախումբը կկազմավորվի փառատոնի հիմնադրման 20-ամյակի տարում՝ աշնան-ամռան ամիսներին: Մենք այս նախագիծն իրականացնելու ենք Բյուրականում : Ստեփան Ռոստոմյանը նաև ծրագիր է մշակել, ըստ որի հայ կոմպոզիտորները նաև պատվերով ստեղծագործություններ կգրեն, և այս առումով հայ կոմպոզիտորական դպրոցն էլ կզարգանա:

Փառատոնային հետաքրքիր դրվագներ

Ստեփան Ռոստոմյան

Տարիներ առաջ մի անհավանական բան տեղի ունեցավ: «Քրոնոս» քառյակը պետք է գար Հայաստան: Այն ժամանակվա ԱՄՆ դեսպանն ասաց՝ անհնարին բան է, սուտ եք տարածել: Եվ խոստացավ, որ եթե իրոք քառյակը գա Հայաստան, հոնորարի մեծ մասն ինքը կտա: Եվ, իրոք, այդպես էլ եղավ:

Մի ամերիկացի զբոսաշրջիկ դրամարկղի մոտ կարդացել էր «Քրոնոս» քառյակի անվանումը, զարմացել էր, որ 10 դոլարին համարժեք դրամով տոմս էր գնել: Պարում էր փողոցում՝ գոռալով, թե սա ինչ-որ անհավանական բան է: Այլ երկրներում նման համերգների տոմսերը բավականին թանկ են:

20-րդ հոբելյանական համերգաշարի անակնկալները

Սոնա Հովհաննիսյան

Սրտանց շնորհավորում եմ «Արմենպրես»-ին:  Դուք 100-ամյա հոբելյան եք նշում, մենք էլ մեր 20-ամյա հոբելյանին ենք մոտենում: 20-ամյակի առթիվ հաջորդ տարվա մարտին Երևան երկու ներկայացմամբ կժամանի Փարիզի «Գարնիե» օպերային թատրոնի բալետային խումբը: Սենսացիոն ծրագիր կլինի, որը Հայաստան կբերի հազարավոր մարդկանց: Մենք, հավանաբար, 20 տարին ամփոփող լուսանկարների ցուցահանդես էլ կկազմակերպենք: Երբ մարդիկ տեսնեն այդ լուսանկարները, չեն ճանաչի մեր դահլիճները: Նրանց կթվա, որ այս ամենը տեղի է ունեցել օտար երկրում. դահլիճները լեփ-լեցուն են, այնքան մարդ կա՝ անգամ հատակին, լրացուցիչ աթոռներին նստած:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]