Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ
ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Երկու առաջնորդները Սոչի են ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը նշեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները: «Քաղաքական հարթությունում մենք ունեցել ենք լավ և ջերմ հարաբերություններ, բայց տնտեսական ասպեկտում, ընդհանրապես տնտեսական կապերի ծավալը չի տպավորում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կոնկրետ քայլեր նախաձեռնենք, որ դա շտկենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կկայանա նաև միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Նախագահ Դոդոնը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ: «Մոլդովայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու երկրների»,-ընդգծեց Իգոր Դոդոնը:
Մոլդովան նախորդ տարվա ապրիլին Բիշքեկում ընդունված որոշմամբ՝ ստացել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ։ Այս կարգավիճակը չի ենթադրում անդամակցություն ԵԱՏՄ-ին, բայց նպաստում է տնտեսությունների փոխկապվածությանն ու փոխադարձ առևտրաշրջանառության զարգացմանը։
ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Հանդիպման մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում