Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀԿ-ն հավատարիմ է վարչապետի ընտրությանն օժանդակելու հայտարարությանը. Վահրամ Բաղդասարյան

 ՀՀԿ-ն հավատարիմ է վարչապետի ընտրությանն օժանդակելու հայտարարությանը. 
Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավատարիմ է նախկինում արված հայտարարությանը և բավարար ձայների քանակով կօժանդակի, որպեսզի Հայաստանը մայիսի 8-ին ունենա վարչապետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  «Մնացած զարգացումների մասին քննարկումներ մենք չենք արել: Մենք մինչև մայիսի 8-ը ունենք մեր որոշումը՝ օժանդակել վարչապետի ընտրությանը, իսկ դրանից հետո քննարկենք մնացած հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը մանրամասնեց, որ ՀՀԿ-ն շարունակում է ունենալ նույն մտահոգությունները, որոնց մասին ՀՀԿ խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ: «Մեր հիմնական մտահոգությունները վերաբերվում են արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը: Այդ մտահոգությունները շարունակում են մնալ, ինչի մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն մենք, տեսնելով այն իրողությունը, որ ցույցերի դուրս եկած մեր քաղաքացիները, այդ ցույցերի կազմակերպիչներն անդրդվելի են իրենց դիրքորոշումներում, կայացրեցինք որոշում, որ երկրորդ փուլում կաջակցենք պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար մենք քաղաքական որոշում ենք կայացրել օժանդակել, որպեսզի մայիսի 8-ին ընտրվի վարչապետ, քանի որ մեզ համար ամենակարևորը մեր երկրում կայունություն հաստատելն է»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին ԱԺ հատուկ նիստում: «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն հայտարարել է, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին:

Փաշինյանը, սակայն, մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում ձայների 45 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ, չընտրվեց վարչապետ: Վարչապետ ընտրվելու դեպքում Փաշինյանը պետք է տասնհինգօրյա ժամկետում կազմավորի կառավարություն: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am