Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վստահ էի, որ վաղ թե ուշ լրջորեն զբաղվելու եմ երգեցողությամբ». Գևորգ Հարությունյան

«Վստահ էի, որ վաղ թե ուշ լրջորեն զբաղվելու եմ երգեցողությամբ». Գևորգ 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսային մի շարք նախագծերում  իր տաղանդով աչքի ընկած երիտասարդ և հեռանկարային երգիչ Գևորգ Հարությունյանն այս տարի Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական մրցույթում: Այն կանցկացվի  սեպտեմբերի 4-9-ը Սոչիում: Երգիչը խոստովանում է` առաջին անգամը չէ, որ վերոնշյալ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, բայց այս անգամ բախտն իրեն ժպտացել է:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչի հետ:

«Դեռ տասը տարեկանից երգում էի, բայց, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, նախընտրեցի կինոարվեստը: Կինոռեժիսոր եմ, սակայն ի սկզբանե գիտեի, վստահ էի, որ վաղ թե ուշ լրջորեն զբաղվելու եմ երգեցողությամբ: Այս բնագավառում քայլեր արեցի, և ինձ սկսեցին ճանաչել «X Factor» ծրագրից»,-նշեց նա:

Գևորգը շեշտեց, որ բնավ չի ափսոսում խաղարկային ֆիլմերի ռեժիսորի մասնագիտությունն ընտրելու համար, քանի որ ձեռք է բերել բազմաթիվ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք իրեն օգնում են նաև երաժշտարվեստում: Երգիչն իրեն կինո սիրող մարդ է համարում, հասցրել է կարճամետրաժ ֆիլմ նկարել:

Նա ոչ միայն կատարող է, այլև հորինող: Գևորգն իր որոշ երգերի և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակն է:

«Ստեղծագործում եմ տարբեր ժանրերում: Մի շարք երգեր ներկայացրել եմ երաժշտասերներին. հարյուր և ավելի գործեր էլ դեռ չեմ հանձնել նրանց դատին: Հիմնականում գրում եմ երգերի երաժշտությունը, բայց կան ստեղծագործություններ, որոնց նաև խոսքերն են իմը, օրինակ`  անգլալեզու «Chameleon»-ը, մայրենի լեզվով «Իմ սեր, իմ երազանքը» և այլն»,-ասաց նա:

Ի տարբերություն բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողների, որոնք, տարբեր մրցույթներում  մեծ հաջողությունների չհասնելով, հաճախ կոտրվում են և այլևս չեն շարունակում աշխատել, Գևորգը շեշտեց, որ ինքը  փորձել, փորձում և շարունակելու է փորձել իր ուժերը բազմաթիվ նախագծերում: «Իմ կարգախոսը հետևյալն է. «Կառչել նպատակներից մինչև մահ»: Երբ մուտք գործեցի երաժշտարվեստ, ընտանիքիս անդամները, ուրիշ հարազատներ ասացին, որ բավականին ծանր ոլորտ եմ ընտրել: Նրանք հարցրեցին՝ արդյո՞ք կկարողանամ հաղթահարել իմ առջև ծառացած դժվարությունները: Գիտակցում եմ, որ ոմանք հեշտությամբ կհաջողեն, իսկ իմ դեպքում ամեն բան եռակի, քառակի բարդ կստացվի: Բայց հավատում եմ նպատակներիս, երազանքներիս»,-ընդգծեց Գևորգը:

Խոսելով «Նոր ալիք» մրցույթին մասնակցության մասին՝ նա պատմեց, որ չորս կամ հինգ անգամ մասնակցելու հայտ է ուղարկել: «Այս տարի որոշեցի, որ վերջին անգամ է: Հաղթահարեցի մի քանի փուլ և ապրիլի 16-ին պարզվեց, որ ես եմ ներկայացնելու մեր երկիրը: Կփորձեմ պատվով հանդես գալ միջազգային հանրության առաջ: Հասկանում եմ, որ անցյալ տարի հաղթանակներ ենք ունեցել (մեր երգչուհիները գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները) այդ մրցույթում և այս տարի, հավանաբար, դժվար կլինի: Մյուս կողմից, եթե լավ ելույթ ունենամ՝ ցուցադրելով բոլոր հնարավորություններս, կարծում եմ, հաջողությունը մեզ կժպտա»,-հույս հայտնեց երգիչը:

Գևորգը «Նոր ալիք»-ում, որպես հայաստանյան հիթ, կհնչեցնի Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը: «Դեռ չգիտեմ, թե միջազգային ինչ հիթ եմ  կատարելու: Հիմա փորձում ենք նաև իմ երգացանկից ընտրել մրցույթին համապատասխան որևէ գործ, կամ գուցե նոր բան ծնվի»,-եզրափակեց Գևորգը:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am