Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց «Ելք»-ին փողոցից խորհրդարան բերել իրենց գործընկերոջը


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներին իրենց գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին փողոցից բերել խորհրդարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սերժ Սարգսյանն ասաց ընտրությունից հետո ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ՝ երեք խորհուրդ տալով ընդդիմադիր խմբակցությանը:

«Առաջին, իրոք խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից: Պետք է լսելու ունակություն ունենալ: Այդ բարդույթը դրսևորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց պատասխան ստանալու ակնկալիքներով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ, և սա վատ է: Դա Ձեզ համար նաև օգտակար կլինի, իրոք տեղյակ կլինեք իրավիճակից: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհով հրճվելու բարդույթում: Բայց այդ բարդույթը, կարծես, ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով, որ վերջ, Սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա շեշտեց, թե երբ սովորենք առաջին հերթին հարգել Սահմանադրությունը, այդ ժամանակ գործերը նորմալ կգնան:

«Երկրորդ, իմ շատ երիտասարդ գործընկերոջը, ով, տեսնում եմ, քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանում եք՝ սա դատարան չի, որտեղ դատավճիռներ են ընթերցում և մեղադրվում: Մեղադրում են միայն դատարանում: Այստեղ կարող եք քաղաքական պատասխանատվության կանչել: Այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը՝ և լավի համար, և վատի համար: Եթե ձեզ թվում է, թե մենք 1990-ական թվականներից էլ հետ ենք գնացել, ապա ի՞նչ կարող եմ ասել. այդպես էլ մտածեք, եթե չեք ընդունելու իմ խորհուրդը»,- նշեց ՀՀ վարչապետը՝ ևս մեկ անգամ կրկնելով ու հորդորելով՝ գիտակցել, որ սա խորհրդարան է և խորհրդարանում օրենքներ են ընդունում, որոշումներ են կայացնում, բայց ոչ երբեք դատավճիռներ:

«Երրորդ խորհուրդս հետևյալն է՝ ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք, որևէ ժամանակ անձամբ ես և ներքաղաքական ուժն արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և Ազգային ժողովի շենքում ձեր աշխատասենյակներում նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումներն են, ձեր պատկերացնումներն են: Եթե ոչ, դուք պետք է հակառակ կողմում լինեք, օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին, բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ և ոչ էլ մեղադրանք»,- հայտարարեց վարչապետ Սարգսյանը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ