Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանի հարուստ կենսափորձը կնպաստի Նախագահի պաշտոնում նրա ծառայության արգասավորմանը. Գարեգին Բ կաթողիկոս

 Արմեն Սարգսյանի հարուստ կենսափորձը կնպաստի Նախագահի պաշտոնում նրա 
ծառայության արգասավորմանը. Գարեգին Բ կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանի հարուստ կենսափորձը, Հայրենիքում և Սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պետք է նպաստեն առավել արգասավորելու նրա ծառայությունը Նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարզահամերգային համալիրում ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում հայրապետական օրհնանքի խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ հոգու և հավաքական կամքի ձեռքբերումն է: Մեր պայքարի և մաքառումների պսակն ու դափնին: Մեր ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի գրավականը: Անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունն է, սպեղանին մեր կորուստների ու վշտերի, վկայությունը մեր վերհառնումի և հայրենակերտումի նախանձախնդրության»,- օրհնանքի խոսքում ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Դիմելով ՀՀ նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանին՝ նա ասաց. «Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Այսօր՝ երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը՝ հայրենիքին և մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ և հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման և հայության լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կենսափորձը Հայրենիքում և Սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պետք է նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը նախագահի բարձր պատասխանատվության մեջ»,- ասաց Կաթողիկոսը:

Նա իր հորդորը հղեց հայրենիքում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդին՝ հավատով և միասնությամբ հաղթահարելու ազգային ու հայրենական անդաստանում ծառացած խնդիրներն ու դարձնելու մեր երկիրը շեն ու բարօր, պայծառ ու բարգավաճ:

«Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ տիար Սերժ Սարգսյանին անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո՛ Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդել մեր երկիրը: Դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ՝ առաջ ընթանալու և իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարման գործում»,- հայտարարեց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Իր ելույթի վերջում նա բոլոր ներկաներին հոտնկայս աղոթքի հրավիրեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]