Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արմուշը պատմել է ամերիկյան կյանքի, 41-ամյակի անակնկալների ու «Վիտամին»-ի մասին

 Արմուշը պատմել է ամերիկյան կյանքի, 41-ամյակի անակնկալների ու «Վիտամին»-ի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիտամին» ակումբի անդամ, դերասան Արմուշն արդեն երկու տարի է իր ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում:  Օրեր առաջ՝ մարտի 18-ին հումորիստն այնտեղ տոնել է 41-ամյակը: «Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում Արմուշը պատմել է տարեդարձի անակնկալների եւ ամերիկյան կյանքի մասին:

«Այս տարի ծննդյանս օրը լի էր անակնկալներով: Մարտի 17-ի գիշերն աշխատավայրում էի: Որոշել էի մի փոքր շուտ դուրս գալ եւ գնալ տուն: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուզում էի մեր ընտանեկան ավանդույթը շարունակել եւ կնոջս հետ տանը տարեդարձս նշել: Բայց գործընկերներս ինձ ասացին, որ ինչ-որ մեկի ծնունդն է եւ հաճախորդներից մեկը ուզում է, որ կեսգիշերն անց շնորհավորական խոսք ասեմ: Իհարկե, սկզբում չհամաձայնեցի, բայց նրանք համոզեցին ու ասացին, որ բավականին մեծ գումար են տալու, բացի այդ Միստր X-ն էլ իր հերթին էր ասել, որ սպասեմ, քանի որ ինչ-որ մեկը պետք է ինձ հետ հանդիպի: Մտածում էի, աշխատանքից հետո գործընկերներս կշնորհավորեն եւ վերջ: Երբ բեմ բարձրացա, այդ ժամանակ սրահ մտան կինս, ընտանիքիս անդամները եւ գործընկերներիս հետ շնորհավորեցին: Իսկապես, անսպասելի էր ինձ համար: Կինս բոլորին ասել էր, որ ամեն ինչ անեն, որ մնամ աշխատավայրում: Այդ ամենն ինքն էր կազմակերպել: Ճիշտ է, շատերի համար հնարավոր է սա սովորական անակնկալ լինի, բայց իմ կյանքում սա առաջին անգամ էր եւ երբեք նման անակնկալ չէի ստացել»,- ասաց Արմուշը:

Հումորիստը նշեց, որ մինչեւ ուշ գիշեր ընկերների եւ հարազատների հետ մնացել են եւ տոնել 41-ամյակը: Անակնկալները այդքանով չեն ավարտվել: «Առավոտյան տղաս է շնորհավորել: Բանաստեղծություն էր գրել ինձ համար բացիկի մեջ: Ես նաեւ այս շրջանում խաղում եմ «Չիպոլինո» երաժշտական մյուզիքլում: Իմ խաղընկերները նույնպես ինձ համար անակնկալ էին պատրաստել: Հետաքրքիր է, որ 40-ից հետո սկսել եմ նման բաներից հուզվել, բայց չգիտեմ՝ ինչու»,- հավելեց նա:

Անդրադառնալով ամերիկյան կյանքին եւ առաջիկա ծրագրերին՝ հումորիստն ասաց, որ արագ է ինտեգրվել ԱՄՆ-ում:  «Ինձ համար այնքանով էր հեշտ, որ մինչեւ բնակություն հաստատելը շատ անգամ եմ եկել այստեղ եւ արդեն ծանոթ էի թե փողոցներին, թե կենցաղին: Ոչ ոքի նեղություն չենք տվել: Երբ արդեն հաստատվեցինք, առաջին տարին էր դժվար: Հիմնական դժվարությունն օրենքներն էին: Բայց, անկախ ամենից, եթե նոր տեղ ես գնում, ապա պետք է սկսես զրոյից:  Հիմա ամեն ինչ ընթանում իր հունով: Զբաղվում եմ նրանով, ինչով զբաղվում էի Հայաստանում»,- հայտնեց Արմուշը: 

Դերասանն ԱՄՆ-ում զբաղվում է հանդիսավարությամբ, Վահագն Գրիգորյանի հետ իրականացնում են «32 comedy show»-ն եւ խաղում ներկայացումներում: «Այստեղ փորձում ենք ակտիվացնել stand-up ժանրը: Փորձը ցույց է տվել, որ այն հետաքրքիր է մարդկանց համար: Ի դեպ, նկատել եմ, որ նաեւ մարդիկ կարոտել են «Վիտամինին»: Երբ Հրանտ Թոխատյանի 60-ամյակի առթիվ համերգ էին կազմակերպել, ես, Տիգրանն ու Վաչեն ելույթ ունեցանք: Չեք պատկերացնի, թե դահլիճն ինչպես դիմավորեց մեզ: Ճիշտ է, այստեղ կան տաղանդավոր հումորիստներ, որոնք ներկայացնում են Ամերիկայի կենցաղը, եւ հանդիսատեսը նրանց էլ է սիրում, բայց մեզ այլ կերպ ընդունեցին: Թող ներեն ինձ բոլոր հումորային ակումբները, բայց «Վիտամինից» հետո այդ տեղը թափուր է մնացել»,- ասաց Արմուշը:

Հետաքրքրվեցինք՝ ԱՄՆ-ում հնարավո՞ր է «Վիտամինը» շոուներ կազմակերպի, հումորիստը պատասխանեց. «Շատ ուրախ կլինեմ, որովհետեւ մարդիկ էլ են դրան սպասում: Եթե նորից առաջարկ լինի եւ հեռուստատեսությամբ ցուցադրեն, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի շրջագայություններ կազմակերպել: Ճիշտ է, հիմա յուրաքանչյուրս էլ մեր գործով ենք զբաղված, բայց առաջարկի դեպքում մենք կհամախմբվենք, քանի որ մենք էլ ենք կարոտել»:

Արմուշը շատ է կարոտում Երեւանը, իր ընկերներին: Նրա ընտանիքի անդամներն էլ դժվար են համակերպվում ԱՄՆ կենցաղին,  կարոտը կանչում է Հայաստան: «Կինս ու մեծ տղաս մինչեւ հիմա չեն ինտեգրվել: Գրեթե ամեն օր ասում են՝ «ուզում ենք Հայաստան գնալ»: Աստված առաջ, խոստացել եմ արձակուրդներին ուղարկել իրենց: Թող մի լավ կարոտներն առնեն գան: Հնարավոր է՝ ես չկարողանամ գալ»,- եզրափակեց Արմուշը:

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]