Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ազգային փոքրամասնությունների մասին առաջին համապարփակ օրենքը Հայաստանում ավելի լսելի կդարձնի նրանց ձայնը

Ազգային փոքրամասնությունների մասին առաջին համապարփակ օրենքը Հայաստանում 
ավելի լսելի կդարձնի նրանց ձայնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակվել և հանրությանն է ներկայացվել ազգային փոքրամասնություններին վերաբերող առանձին համապարփակ օրենքի նախագիծ: Հանրային քննարկման փուլում գտնվող «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյան, անկախության հռչակումից ի վեր տարբեր օրենքներում և իրավական ակտերում տեղ են գտել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ դրույթներ, սակայն չենք ունեցել առանձին օրենք ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին: Ինչի՞ն է ուղղված այս օրենքը:

-Անկախության հռչակումից  ի վեր մենք նման համապարփակ օրենսդրական կարգավորումներ ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում իսկապես չենք ունեցել: Դրա փոխարեն ունեցել ենք որոշակի դրույթներ տարբեր օրենսդրական ակտերում: Ինչ-որ ժամանակում նման լուծումները կարող էին համարվել ընդունելի, քանի որ հիմնականում համապատասխանում էին ոլորտում առկա կարիքներին: Նոր Սահմանադրությամբ՝ 2015-ից հետո իրավիճակը փոխվեց, պահանջ դրվեց օրենսդրական կարգավորումները դարձնել ավելի համակարգված, միասնական օրենսդրական ակտում սահմանված: Հաշվի առնելով սահմանադրական պահանջը՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն առաջացավ պատրաստել այս օրենսդրական նախագիծը:  Մասնավորապես  պետք է   հստակ սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը և իրավունքները, այս ոլորտում պետական մարմինների խնդիրները: Առկա են ևս մի շարք խնդիրներ, որոնք համակարգված օրենսդրական լուծումների են սպասում: Մեր հիմնական նպատակադրումը ազգային փոքրամասնությունների խոսքն ավելի լսելի և իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելն է:

-Կհստակեցվե՞ն արդյոք, թե որոնք են ազգային փոքրամասնությունները և որոնք էթնիկ խմբերը: Ի՞նչ չափանիշներ են լինելու ազգային փոքրամասնություններին սահմանելու համար:

- Օբյեկտիվ անհրաժեշտություն կար նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որն անվանում ենք ազգային փոքրամասնություններին պատկանող: «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքն ընդունելով՝ ակնկալում ենք նախ հստակեցնել այդ անձանց շրջանակը, ինչպես նաև «ազգային փոքրամասնություն» հասկացությունը: Մինչ օրս մեր օրենսդրությունն այն հստակ չի սահմանել, և պարզ չէ, թե ովքեր են այդ մարդիկ Հայաստանում: Օրենքում խոսվում է ուրույն ազգային կամ էթնիկ ինքնությունն ունեցող Հայաստանում պատմականորեն ձևավորված խմբի մասին: Այս մոտեցումը լիովին համապատասխանում է  գոյություն ունեցող չափանիշներին: Օրենքը նաև կոնկրետ սահմանում է, թե  որ խմբերն են համապատասխանում այդ չափանիշներին: Այսօր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն են ասորիները, բելառուսները, եզդիները, գերմանացիները, լեհերը, հրեաները, հույները, ռուսները, վրացիները, ուկրաինացիները և քրդերը: Ազգային փոքրամասնությունների շրջանակը որոշելիս հաշվի չի առնվել նրանց անդամների քանակը, քանի որ անձանց իրավունքների իրականացումը չպետք է պայմանավորված լինի նրանց թվով: Մենք որդեգրել ենք շատ ներառական մոտեցում, որպեսզի յուրաքանչյուր ազգային խումբ, որը պատմականորեն ապրում  է Հայաստանում, ճանաչված և ներկայացված լինի:

Իսկ այլ էթնիկ ինքնություն ունեցող  անձանց իրավական կարգավիճակը տարբերվում է ազգային փոքրամասնությունների անդամների արտոնություններից: Այսպիսի անձանց վրա պետք է տարածվի մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր մեխանիզմը առանց որևէ խտրականության:

- Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց խնդիրները և իրավունքների իրացման հետ կապված հարցերը քննարկելու համար կստեղծվի նրանց հարցերով զբաղվող մարմինը: Ովքե՞ր կլինեն այդ մարմնում և ի՞նչ լիազորություններ կունենան:

- Կարևոր է նաև հստակեցնել ազգային փոքրամասնություններին վերաբերող որոշումների կայացման գործընթացում հենց իրենց մասնակցության մեխանիզմը: Հենց այս հարցերով պետք է զբաղվի այդ մարմինը: Այն ներկայում էլ գործում է, սակայն դրա կարգավիճակը անորոշ է, և այն սահմանված է ենթաօրենսդրական ակտերով:  Այդ կառույցը  ունենալու է օրենքով նախատեսված մարմնի կարգավիճակ: Այս մարմնում ներկայացված կլինեն Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնություններն առանց բացառության և որևէ խտրականություն: Այդ խորհրդակցական մարմնի գործառույթները սահմանվում են օրենքով: Այն հանդիսանում է յուրահատուկ հարթակ ազգային փոքրամասնություններին հուզող բոլոր խնդիրները իշխանության տարբեր օղակներին ներկայացնելու համար: Իսկ պետական կառույցների համար սահմանում է պարտականություն՝ համապատասխան ձևով արձագանքել նրանց հարցադրումներին: Ընդհանուր նպատակն է ստեղծել մեխանիզմ, որ պետական կառույցներն արդյունավետ համագործակցեն ազգային փոքրամասնությունների հետ, որպեսզի ընդունվող որոշումներում հնարավորինս հաշվի առնվեն ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու շահերը:

-Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է, և ազգային փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել այն առումով, որ  անցումը խորհրդարանական կառավարմանը նվազեցնում է ազգային փոքրամասնությունների Խորհրդի կարգավիճակը։ Արդյո՞ք կա նման վտանգ և օրենքի նախագծի հանրային քննարկման փուլում արդյոք հանդիպել եք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Եթե այո, ապա ինչ կարծիքներ ու մտահոգություններ են արտահայտել:

- Արդեն հանդիպել ենք  ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի հետ: Ակտիվ քննարկում է ընթացել նաև e-draft հանրային քննարկումների էլեկտրոնային հարթակում: Արձագանքը, ընդհանուր առմամբ  եղել է դրական, շատ առաջարկներ և դիտողություններ չկան: Հիմնական ուշադրությունը խորհրդի կարգավիճակին, ձևավորմանը և աշխատանքներին են վերաբերում:  Այո, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաև մեր պետությունում կառավարման ձևի փոփոխությամբ, սակայն որևէ կերպ ուղղված չեն նշված մարմնի կարգավիճակի նվազեցմանը: Հակառակը, ենթաօրենսդրական ակտով նախատեսված մարմնի տեղը առաջարկվում է ստեղծել, ինչպես արդեն նշեցի, օրենքով սահմանված պետական կառույց, ինչը նոր իրավունքներ և հնարավորություններ կբացի Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար:  Մենք բաց ենք քննարկումների համար,  քանի որ, նպատակը մեկն է՝ ունենալ արդյունավետ լուծումներ առաջադրող և այս ոլորտում առկա միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական կարգավորում:

-Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար ի՞նչ պարտավորություններ են սահմանվելու ազգային փոքրամասնությունների ազատության և իրավունքների ապահովման գործում:

-Օրենքով, իսկապես, անհրաժեշտություն կա հստակ սահմանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը ազգային փոքրամասնություններին պատկանող մարդկանց իրավունքների ապահովման և նրանց հետ առհասարակ աշխատելու հարցում: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի զարգացման համար պայմանների ստեղծում: Նրանք նաև պետք է քայլեր իրականացնեն ուղղված ազգային փոքրամասնությանը պատկանելու հիմքով խտրականության դեպքերի կանխմանը, խտրականության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարության ապահովմանը: Եթե համայնքում բնակչության մեծամասնությունն ազգային փոքրամասնություն է, ապա տեղական ինքնակառավարման մարմնում կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրանց նկատմամբ նման վերաբերմունքով պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ Հայաստանում զգան ինչպես իրենց տանը:

-Պարոն Քոչարյան, իսկ ազգային փոքրամասնությունների երեխաների՝ իրենց լեզվով կրթություն ստանալու իրավունքի հարցն ինչպե՞ս է լուծվելու, նաև իրենց լեզվով դասագրքեր ստեղծելու ուղղությամբ քայլեր նախատեսվու՞մ են:

-Օրենքն առանձին դրույթ է պարունակում, որն ամրագրում է մեր ընդհանուր մոտեցումներն այդ խնդրին: Կոնկրետ կրթական իրավունքների իրականացումը պետք է կարգավորվի կրթության վերաբերյալ օրենսդրությամբ՝ նախադպրոցական կրթությունը և հանրակրթական հաստատություններում ուսուցումը ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար իրենց լեզվով կազմակերպելու համար: Օրենքը նաև նախատեսում է, որ ազգային փոքրամասնությանը պատկանող երեխաների համար կարող են կազմակերպել նրանց լեզուն, մշակույթը և պատմությունը ուսուցանող լրացուցիչ կրթադաստիարակչական խմբեր հանրակրթական դպրոցներում: Կան դրույթներ նաև նրանց կրթությունն ապահովելու նպատակով ուսումնամեթոդական ձեռնարկների և գրականության մշակմանը, մանկավարժական կադրերի պատրաստմանը, իրենց լեզվով դասագրքերի հրատարակմանը: Այդ աշխատանքները ԿԳՆ-ի կողմից արդեն իրականացվում են, մենք պարզապես հստակեցնում ենք, պետության կողմից ստանձնած հանձնառությանը տալիս օրենքի մակարդակ:

-Նախագծում նշված է նաև, որ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար կարող են գործել ոչ պետական հանրակրթական հաստատություններ, որտեղ ուսուցումն իրականացվում է ազգային փոքրամասնության լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Ենթադրվու՞մ է, որ ազգային փոքրամասնությունների համար կստեղծվեն առանձին դպրոցներ:

-Այո,ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար կարող են ստեղծվել նաև ոչ պետական հանրակրթական հաստատություններ, որտեղ ուսուցումը կիրականացվի իրենց լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Օրենքը հնարավորություն է տալիս ստեղծել նման հաստատություններ:

-Նույն փաթեթով ներկայացված է նաև «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքը, ինչպիսի՞ն է այդ օրենքի նշանակությունը ազգային փոքրամասնություններին պատկանող մարդկանց պաշտպանության հարցում:

- Իրավահավասարության ապահովումը կարևոր պայման է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: Ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը ենթադրում է որոշակի իրավունքների առկայություն՝ կապված կրթության, մշակույթի, լեզվի, կրոնի հետ:  Բացի դրանից պետք է բացառվի անհանդուրժողականությունն ու խտրականությունը նրանց  նկատմամբ: «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքը հստակ մեխանիզմներ է սահմանում, թե ինչպես պետք է վերականգնել նրանց խախտված իրավունքները: Այն տալիս է խտրականության սահմանումը և պետական մարմինների պարտականությունները իրավահավասարության ապահովման գործում: Օրենքը լրացնում է այն բացը, որը եղել է մեր օրենսդրությունում, երբ խտրականության արգելքները կրել են զուտ հռչակագրային բնույթ և չեն ունեցել համապատասխան իրավական երաշխիքներ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]