Տնտեսություն

Հայաստանում առաջին անգամ խաղողի շուրջ 300 սորտ կունենա սեփական անձնագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ խաղողի շուրջ 300 սորտ կունենա սեփական անձնագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է մի ծրագիր, որով խաղողի շուրջ 300 վայրի և տեղածին սորտ անձնագիր կունենա։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) հիմնած կոլեկցիոն և ցուցադրական այգում ներառված սորտերի համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ նշելով, որ այգու պահպանության ու մշակման գործառույթները ՖԱՕ-ն փոխանցել է իրենց։ «Մենք հավաքագրել ենք շուրջ 298 վայրի և տեղածին սորտեր, Բջջաբանության ինստիտուտի մասնագետների հետ ֆենոտիպային ու գենոտիպային հետազոտություն ենք իրականացնում, որպեսզի ստեղծենք յուրաքանչյուր սորտի անձնագիրը։ Կստեղծվի նաև էլեկտրոնային տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրվելու է ողջ տեղեկատվությունը։ Առաջին անգամ է Հայաստանում նմանատիպ աշխատանք կատարվում»,-ասաց Զարուհի Մուրադյանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև գրքի տեսքով։

Ինչպես հիմնադրամի տնօրենը նշեց, կոլեկցիոն այգում ՖԱՕ-ն իրականացնում է նաև ֆիլոկսերա-դիմացկուն արմատակալների ծրագիր՝ հիմնելով տնկարան։ «2019 թվականին հավանաբար նաև դա կհանձնեն հիմնադրամին, և այդ ուղղությամբ ևս մենք բավականին մեծ աշխատանք ունենք իրականացնելու։ Ինչպես գիտեք, որոշ շրջաններ համարվում են ֆիլոկսերայով վարակված, մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ֆերմերներին մեր սորտերով պատվաստված արմատակալներ տրամադրենք»,-հավելեց Զարուհի Մուրադյանը։

Ցուցադրական և կոլեկցիոն այգին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ երկրագործության ինստիտուտի շրջակայքում։ Առաջինը հիմնվել է մոտ 3 տարի, կոլեկցիոն այգին՝ 2 տարի առաջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում