Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում

Հայաստանում սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանի մանկական հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված շուրջ 360 հիվանդ կա: Մասնագետները, սակայն, շտապում են հանգստացնել ծնողներին՝ նշելով, որ սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է: «Այս պահին մենք ծանր դեպքեր չունենք: Իրավիճակը համահունչ է սեզոնին»,-ասաց նա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկաբուժության գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանը չբացառեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճ նկատվում է, նշելով, որ ամեն տարի նույն պատկերն է: «Մեզ մոտ հիմնականում մինչեւ երեք տարեկան երեխաներ են: Մենք անում ենք ամեն ինչ, որ ոչ մի հիվանդ միջանցքներում պառկած չմնա»,-նշեց նա:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Կարմելա Պողոսյանը եւս փաստեց, որ սուր շնչառական հիվանդություններով դիմելիության աճը սեզոնային բնույթ է կրում: «Մեր հիվանդանոցում շատ ծանր հիվանդներ չունենք: Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս չմերժենք հիվանդներին և ընդունենք նրանց ստացիոնար բուժման»,-ասաց Պողոսյանը, հավելելով, որ ոչ այնքան հիվանդություններն են աճել, որքան դիմելիությունը:

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։

Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառվել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, հիվանդանալու դեպքում էլ դիմել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին եւ ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

ԱՆ-ն հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]